ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
 
Հանդիպման առանցքում եղել է հիմնադրամի «Վայոց ձորի հրաբխային լանդշաֆտում գետային էկոհամակարգերի և անտառների վերականգնումը» ծրագիրը, մասնավորապես՝ Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումները և նախատեսվող հիդրոլոգիական աշխատանքների տեխնիկական առաջադրանքը։
 
Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն առաջարկել է ձևավորել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ աշխատանքային խումբ՝ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով։
 
Քննարկվել են նաև հաշվառված, սակայն դեռևս անազատության մեջ գտնվող, ինչպես նաև համապատասխան թույլտվությունների բացակայությամբ պահվող վայրի կենդանիների հայտնաբերման, նրանց տեղափոխման, խնամքի և պահման պայմանների բարելավմանն ուղղված հարցերը։
 
Կողմերը վերահաստատել են, որ նման համագործակցությունը կարևոր է COP17-ին ընդառաջ՝ բնության և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ ջանքերի համակարգման տեսանկյունից։

  • Կիսվել: