Ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել. Բաղրամյանը՝ 2013 թ-ի գազային «խայտառակ» պայմանագրի մասին
Սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի ՀՀ-ում սակագների վրա, քանի որ սպառողների կողմից վճարվող սակագնի շուրջ 70 տոկոսը ձևավորվում է սահմանին գազի գնի մեծությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան Բելառուսին ավելի էժան է գազը վաճառում, քան Հայաստանին, ՀԾԿՀ-ի նախագահը հիշեցրեց, որ չպետք է մոռանալ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման գինը։
«Այսինքն, Բելառուսի հետ համեմատելիս պետք է այդ գներն առնվազն տարբերվեն Վրաստանի տարանցման գնի արժեքով: Իսկ մնացածը, թե ինչ բանակցություններ են ընթանում և որքան կլինի սահմանին գազի գինը, դա ես չեմ կարող ասել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ կան պնդումներ, թե Հայաստանը պետք է վերանայի 2013 թվականի գազային «խայտառակ» համաձայնագիրը, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Ճիշտն ասաց, այդ պայմանագրերը կառավարությունների միջև է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից: Մասնագիտական գնահատականն այն է, որ կարծում եմ՝ ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել: Այլ հարց է երկու կողմերի կամքը և դրան հասնելու հնարավորությունները»: