Պայմանագրի կարճաժամկետ երկարաձգո՞ւմ. Ռեալը որոշում է կայացրել
Ըստ AS պարբերականի՝ Մադրիդի «Ռեալը» քննարկում է թիմի կիսապաշտպաններ Լուկաս Վասկեսի և Լուկա Մոդրիչի պայմանագրերը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությունը:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են հունիսի 30-ին, մինչդեռ «Ռեալը» մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը: Աղբյուրի տվյալներով՝ այդ պատճառով ակումբը մտադիր է կարճաժամկետ երկարաձգել խաղացողների պայմանագրերը նույն պայմաններով: Վասկեսը և Մոդրիչը մրցաշրջանի ավարտին կհանդիպեն ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու պայմանագրերի երկարաձգման հարցը:
Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստների՝ մադրիդյան ակումբում մնալու հեռանկարը դեռևս անորոշ է:
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում «Ռեալը» կմրցի սաուդյան «Ալ Հիլալի» (հունիսի 18), մեքսիկական «Պաչուկայի» (հունիսի 22) և ավստրիական «Զալցբուրգի» (հունիսի 27) հետ: