հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բոլոր ոլորտներում մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք. Վարչապետ

Բոլոր ոլորտներում մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք. Վարչապետ

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կապիտալ ծախսերի թերակատարմանը։

Նրա ներկայացմամբ, կառավարության ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալով, որով նախատեսել է կառավարությունը։

«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած որոշ առումով կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ ունենք էական ու շոշափելի փաստացի կապիտալ ծախսերի ծավալի աճ։ Ես ուզում եմ արձանագրել, թե կապիտալ ծախսերի թերակատարումն ինչի հետ է կապված։ Առաջինը, ասել եմ մի քանի անգամ, կոռուպցիայի դեմ պայքարի հետ են կապված։ Եթե նախկինում ենթադրաբար, այսպես կոչված, ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի։ Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում՝ այսօր, վաղը, մյուս շաբաթ, մեկ ամսից իրենց հետևից գալու են։ Որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ կարող է խուսափել այսպիսի պատասխանատվությունից»,- ասաց նա։ Ըստ վարչապետի՝ երկարաժամկետ և կարճաժամկետ առումով կապիտալ ծախսերի առումով ստանդարտները բարձրացնելու խնդիր կա։

«Ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում շատ մեծ գոհունակություն է հայտնում, բայց ես ուզում եմ արձանագրել, որ ճանապարհաշինության այն ստանդարտը, որն այսօր հաստատված է ՀՀ-ում, այդ որակից ու ստանդարտից ես ինքս գոհ չեմ, չնայած նախկինի համեմատ հիմա անհամեմատ ու հսկայական փոփոխություն ունենք։ Բայց այդ ստանդարտին մենք չենք կարող համաձայնել և պետք է ստանդարտները բարձրացնենք։ Ընդհանրապես բոլոր ոլորտներում մենք մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք։ Պետք է բարձրացնենք կառավարության, ԱԺ, ՏԻՄ, իրավապահ համակարգի աշխատանքի որակի ստանդարտները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: