կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով

Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարացնել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը: Կհստակեցվեն նաև ծրագրի իրականացման մեխանիզմները: Որոշմամբ նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 1000 հա ինտենսիվ այգիների հիմնումը և ոռոգման արդիական համակարգերի (ջրավազանների) ներդրումը, 100 հա ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակումը։

Նախատեսվում է թույլատրել նաև արտարժույթով վարկերի տրամադրումը, տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն տալով արժույթի ընտրության մասով՝ ելնելով իրենց տնտեսության կառուցվածքային նպատակահարմարությունից։ Առաջարկվում է խթանել նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը ինքնաբավության մակարդակի բարձրացման համար՝ հաշվի առնելով նաև վերջիններիս ներգրավման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման և կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման հարցում։

Բացի այդ, որոշմամբ  առաջարկվում է հանել այգեհիմնման  կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։ Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։ Հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հետներդրումային ժամանակահատվածում առաջացած թերությունների դեպքում՝ պետական աջակցությամբ տրամադրված գումարների վերադարձման վերաբերյալ դրույթը։ Հիմնավորման համաձայն՝ պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականից մինչև 2023 թ. ավարտը կնքվել է շուրջ 7000 հա ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտը ՀՀ կառավարության ռազմավարական նշանակություն ունի. «Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների և ընդհանրապես  հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը: Մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու հիմնմանը պետք է աջակցենք: Ես տեղեկանքի մեջ տեսա, որ 7000 հա ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց պետք է նաև արձանագրել, որ այս թիվը, ըստ ամենայնի, օբյեկտիվ չէ, որովհետև  դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, քննություն կա այդ ուղղություններով, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա»:

Վարչապետը նշել է, որ այստեղ հարց  է ծագում՝ իսկ այս պայմաններում ինչո՞ւ են այս ծրագիրը նորից շարունակում և  ընդգծել, որ պետք է կառավարության գործը իրավապահ մարմինների գործից տարբերակել. «Ֆինանսավորումը պետք է շարունակենք, իհարկե՝  ընթացակարգերի լավարկմամբ, իրավապահներն էլ թող իրենց գործն անեն: Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի: Եթե մենք 1, 2, 3, 4, 5, թեկուզ 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է՝ Հայաստանի ապագան ենք ոչնչացնում: Չի կարելի այդպիսի բան անել»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝  պետք է ընթացակարգերը լավարկել, բոլոր սողանցքներն ու միջանցքները փակել, որպեսզի նման դեպքեր չարձանագրվեն:

  • Կիսվել: