շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուբսիդավորում տոհմայնի կենդանիներ ձեռք բերելու համար

Սուբսիդավորում տոհմայնի կենդանիներ ձեռք բերելու համար

Անասնապահության ճյուղի տնտեսվարողներին կամ դրանով զբաղվել ցանկացողներին աջակցելու համար ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիր: Փոխնախարար Տիգրան Առստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակը`ազնվացեղ, տոհմային սերնդի ստացումն է, տեղական նախրի բարելավումը, ինչպես նաև բարձր մթերատվության ապահովումը:

Նրա խոսքով` ներկրված ազնվացեղ տոհմային կենդանիները բուծվում են «Տոհմային կայան» ՓԲԸ և «Արմ-Ագրո» ՍՊԸ տոհմային տնտեսություններում, այնուհետև արտոնյալ  պայմաններով տրամադրում են ֆերմերներին:           

-Տոհմային ցուլերը խաչասերելով  տեղի կովերի հետ, ստանում ենք խառնածին սերունդ, որը կառուցվածքով ու աճի տեմպով տարբերվում է տեղականից: Նախքան պատերազմն այս աշխատանքի արդյունքում արդեն ունեինք  մինչև 8000 խառնածին անասնագլխաքանակ: Երկու տոհմային տնտեսություններից 2021 թվականին  ֆերմերներին արտոնյալ պայմաններով տրամադրվել է 191 գլուխ տոհմային կենդանի,-մանրամասնեց փոխնախարարը` տեղեկացնելով, որ նշված ծրագիրը շարունակվում է:

Տ. Առստամյանի հաղորդմամբ` իրականացվում է նաև ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտով նախատեսված քանակությամբ տոհմային կենդանիներ, որոնց սուբսիդավորումը սահմանվում է արժեքի 50 տոկոսի չափով: Մեկ խոշոր եղջերավոր կենդանու հաշվով տրամադրվում է ոչ ավել, քան 700 000 ՀՀ դրամ, մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու հաշվով` 50 000 դրամ, մեկ գլուխ խոզի հաշվով` 200 000 դրամ, մեկ թև հավի, բադի հաշվով` 5000 դրամ:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարը հավելեց, որ մասնավորապես 2021 թվականին Ավստրիայից ներկրվել է ֆլեգվի  ցեղատեսակի 120 գլուխ տոհմային հղի երինջ:  

Արցախում անասնապահության զարգացմանն ուղղված  ու գյուղատնտեսության այս ճյուղի տնտեսվարողներին ցուցաբերվող և նախատեսվող  պետական աջակցության  ծրագրերի  մանրամասները թերթի առաջիկա համարում, գրում է Artsakhtert.com-ը։

  • Կիսվել: