հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաբկեն Թունյանը՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների ու այն կանխելուն ուղղված նախագծի մասին

Բաբկեն Թունյանը՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների ու այն կանխելուն ուղղված նախագծի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է կատարել որոշ գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների, այն կանխելուն ուղղված նախագծի և դրա հետաձգման պատճառների մասին:
 
Պատգամավորի խոսքով՝ վերջին օրերին այդ թեմայով մի քանի զարմանալի հոդվածներ են իր աչքով ընկել, այդ իսկ պատճառով անդրադառնում է հարյուր հազարավոր վարորդների վերաբերող այդ հարցին:
 
«Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ գազալցակայանների և բենզալցակայանների ոլորտում գործող ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ։ Նրանց մի մասը հնարավորության դեպքում խաբում են վարորդներին՝ ավելի քիչ լիցքավորելով մեքենաները, քան պետք է լիցքավորեն։
 
Կառավարությունը և ոլորտը վերահսկող տեսչական մարմինը այս ընթացքում քայլեր են ձեռնարկել թերլցումների ռիսկը նվազեցնելու համար. օրենքով ներդրվել է ստուգաչափված տարաներ օգտագործելու նորմ (վարորդը կարող է պահանջել մեքենան լիցքավորել ստուգաչափված տարայով), բարձրացվել են տուգանքները և այլն։
 
Սակայն փորձը ցույց է տալիս, որ թերլցումների այս արատավոր երևույթը շարունակվում է։ Որոշ հնարամիտ տնտեսվարողներ կարողանում են մուտք գործել վառելիքաբաշխիչ աշտարակների «Կարգաբերման ռեժիմ» և համապատասխան փոփոխություններ անել, որի հետևանքով, ասենք, 20 լիտրի փոխարեն կարողանում են լիցքավորել 19 կամ 18 լիտր։ Ընդ որում, դա կարողանում են անել հեռավար եղանակով, կառավարման վահանակի միջոցով՝ առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու։
 
Ինչպե՞ս է Կառավարությունը ցանկանում լուծել այս խնդիրը։
 
Առաջարկվում է օրենքով պարտադրել, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով: Այսինքն՝ լիցքավորման կետերը համալրել սարքերով, որոնց միջոցով տեսչական մարմինը իրական ժամանակում կարող է ֆիքսել ցանկացած չթույլատրված միջամտություն։ Կառավարության մեր գործընկերները հավաստիացնում են, որ այդ տարբերակով թերլցումների ռիսկը կտրուկ կնվազի։
 
Խնդիրը այլ բանում էր։
 
Այդ սարքերը՝ «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրները, արժեն մի քանի հարյուր հազար դրամ։ Տնտեսվարողները իրենց հաշվին պետք է ձեռք բերեն դրանք։ Ընդ որում, քանի լիցքավորման աշտարակ ունի կայանը, այդքան հատ էլ ռեգիստր անհրաժեշտ կլինի ձեռք բերել։ Օրենքի ընդունման պարագայում մեկ լիցքավորման կայանը կարող է միանվագ ծախսել մինչև մի քանի միլիոն դրամ։ Ու հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են հարյուրավոր լիցքավորման կայաններ, խոսքը մի քանի միլիարդ դրամ լրացուցիչ բեռի մասին է։
 
Ընդունելով Կառավարության մեր գործընկերների փաստարկները՝ պատգամավորներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ այս բեռը ծանրանալու է նաև բարեխիղճ տնտեսվարողների վրա և ի վերջո մտնելու է վառելիքի վերջնական գնի մեջ։
 
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, և Կառավարության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք մինչև երկու ամսով հետաձգել նախագիծը, հասկանալ՝ խախտումների ինչ ծավալի հետ գործ ունենք, պարզել՝ ինչ ֆինանսական բեռ է ենթադրելու այս կարգավորումը, լսել նաև տնտեսվարողներին և փորձել բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսվարողների միջև տարբերակված մոտեցում ենթադրող տարբերակ գտնել։
 
Այսինքն՝ սպառողների (վարորդների) շահերը կարևորելով հանդերձ՝ փորձել ենք դիտարկել նաև բարեխիղճ տնտեսվարողների շահերը և վերջնարդյունքում ունենալ ավելի լավ ու հավասարակշռված լուծում։
 
Սա է ամբողջ պատմությունը։
 
Իսկ որոշ հրապարակումները, թե՝ ԱԺ պատգամավորները տապալում են նախագիծը, պաշտպանում են խարդախ տնտեսվարողների շահերը, պարզապես ժպիտ են առաջացնում։
 
Նախագիծը ներկայացրել է ՀՀ Կառավարությունը, որի հետ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատում է սինխրոն և գործընկերային, քանի որ մենք նույն քաղաքական թիմն ենք և առաջ ենք շարժվում նույն ծրագրով ու նպատակներով։
 
Քննարկմանը ներկա պատգամավորները և իրենց հարազատները լիցքավորման կայաններ չունեն։
 
Նախագիծն էլ ընդունվելու է ավելի հավասարակշռված և բարելավված տարբերակով՝ հաշվի առնելով թե՛ վարորդների, թե՛ բարեխիղճ տնտեսվարողների շահերը»,- գրել է Թունյանը:

  • Կիսվել: