երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկեց կրեդիտավորման համար բացակայության ընթացքում բուժաշխատողի աշխատավարձը պահպանելու նախագիծը

ԱԺ-ն քննարկեց կրեդիտավորման համար բացակայության ընթացքում բուժաշխատողի աշխատավարձը պահպանելու նախագիծը

 ՀՀ ազգային ժողովը քննարկեց պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՇՄԶ կրեդիտների ապահովման ընթացքում բացակայությունների պայմաններում պահպանել բուժաշխատողի աշխատատեղն ու աշխատավարձը:

ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Լուսինե Բադալյանը:

«Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու, նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև հիմնական աշխատավարձը»,-ասաց Բադալյանը:

Բուժաշխատողները համապատասխան ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ չհավաքելու դեպքում իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն չեն ստանում: 5 տարվա ընթացքում բուժքույրերը 140, բժիշկները 220 կրեդիտ անպայման պետք է հավաքվեն:

«Եվ, եթե օրենքով բուժաշխատողների համար պարտավորություն ենք դնում՝ կրեդիտներ հավաքելու, հետևաբար մենք՝ որպես պետություն, պետք է երաշխավորենք նաև, որ նրանք պահպանեն իրենց աշխատատեղը, ինչպես նաև այն հիմնական ֆիքսված աշխատավարձը, որը չի ներառում գործարքների, հերթապահություններից, վիրահատություններից մուտք արվող գումարները»,-ասաց պատգամավորը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը նշեց, որ նախագիծը նախարարության հավանությանն արժանացել է որոշակի նկատառումներով: «Մեր համոզմամբ՝ առաջարկվող խմբագրությամբ օրենքի ընդունումը ՇՄԶ գործընթացում բժշկական հաստատությունների համար առաջացնելու է ֆինանսական, մարդկային ռեսուրսների և աշխատանքի բաժանման անհամամասնություն»,-ասաց նա:

Մյուս կողմից, կարևորելով բուժաշխատողների պաշտպանվածությունը՝ նախարարությունից առաջարկում են նախագիծը լրամշակել՝ աշխատավարձի կարգավորումը թողնելով գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնության վրա:

  • Կիսվել: