ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել չմշակվող գյուղատնտեսական հողերի արդյունավետության բարձրացման մասին օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել չմշակվող գյուղատնտեսական հողերի արդյունավետության բարձրացման մասին օրինագծին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Տեղեկացվել է, որ գործող օրենսդրության մեջ սահմանված չեն բացառման դեպքերը կամ չափորոշիչները, որոնք առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանի ներկայացմամբ՝ օրենքով կհստակեցվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի պաշտոնում նշանակելու, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի քննարկումը, ինչը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտել մասնակցի աշխատանքային և գործնական ունակությունները և կատարել օբյեկտիվ ընտրություն:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանվել է:

 
 

  • Կիսվել: