երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս․ Քերոբյան

Այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս․ Քերոբյան

Այսօր հրապարակվել է 2023-ի համար տնտեսական ակտիվության ցուցանիշը, Հայաստանը կրկին բարձր աճ է գրանցել, տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարի կազմել է 9,4 տոկոս: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի  ուղեծրի վրա, ինչպես նաեւ կատարում է կառավարության ծրագրով իր առջեւ դրված թիրախները՝ 7-9 տոկոս տնտեսական աճ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ տնտեսական աճը հիմնականում արտաքին գործոնների ազդեցության արդյունք է, նախարարն ասաց. «Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է: Աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է կազմում 288 հազար դրամ, որը մոտ 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, ստեղծվել է 37 հազար նոր աշխատատեղ մեկ տարվա ընթացքում: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն վերջին երեք տարիների ընթացքում՝ 2020-2023թթ, համարյա կրկնակի աճել է ԱՄՆ դոլարով եւ ԱՄՀ-ի վերջին կանխատեսումների համաձայն կազմում է 8200 դոլարից ավելի, որը 2020-ի 4267 դոլարի նկատմամբ մոտավորապես կրկնակի ավել է: Դա նշանակում է, որ բոլոր մարդիկ ավելի լավ են ապրում»:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, 2023-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով:

2023 թվականի պետական ​​բյուջեում ՀՆԱ-ի աճը սահմանվել է 7 տոկոս: 

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 46%-ով՝ գերազանցելով 20,723 մլրդ դոլարը, արտահանումն աճել է 55,3%-ով (8 415,2 մլրդ դոլար), ներմուծումը՝ 40,2%-ով (12,308 լրդ դոլար)։ 

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 0,3%-ով։ 

Շինարարության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, առևտրի ոլորտում՝ 25,7 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ 10,3 տոկոս։
Սպառողական գներն աճել են 2%-ով։

  • Կիսվել: