չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր. Ջանջուղազյան

Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր. Ջանջուղազյան

Ազգային ժողովում շարունակվում է  «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ըստ էության, երեկվա քննարկումներից հետո պատգամավորների շրջանում կա որոշակի տարընկալում, թե առաջարկվող նախագծում սկզբունքորեն վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը, որը կապված է բյուջեի կատարման նկատմամբ վերաբերմունքի արտահայտությանը:

Նա փորձեց փարատել պատգամավորների մտահոգությունները՝ ընթերցելով նախագծի առանցքային հատվածները։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավելի, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին:

«Խոսքը չի վերաբերում բյուջեով նախատեսված մնացած բոլոր միջոցառումներին:  Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

 

  • Կիսվել: