ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այն անձինք, որոնք գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն օգտվի աջակցության ծրագրերից. վարչապետ

Այն անձինք, որոնք գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն օգտվի աջակցության ծրագրերից. վարչապետ

Գործադիրի այսօրվա արտահերթ նիստում ընդունվեց հակաճգնաժամային 3 փաթեթ, որոնք ունեին սոցիալական աջակցության նպատակ։

Նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով աջակցության ծրագրերին՝ նշեց, որ այսօր ստվերային աշխատատեղերի խնդիրը սրվում է, ինչն, ըստ էության, անհնար է դարձնում կառավարության կողմից այդ անձանց նույնականացնելն ու աջակցություն տրամադրելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Այն անձինք, որոնք տվյալ ոլորտներում աշխատում են, բայց գրանցված չեն որպես վարձու աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից: Մենք չունենք գործիք  նրանց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել: Եթե նույնիսկ որևէ մեկն ասի, որ ինքն աշխատել է, մենք ոնց կարող ենք համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս դեպքում շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարեւոր: Դա քաղաքացու համար կարևոր է լինելու նաև կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետև այդ աշխատանքի արձանագրվածության և վճարած եկամտահարկի չափով է որոշվելու նաև այն թոշակը, որն ինքը պետք է ստանա թոշակի անցնելուց հետո»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ աշխատատեղերի գրանցման գործընթացն ունի երկու կողմ։

«Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն, բայց գործատուն չի գրանցում։ Չի կարող այս գործընթացը լիարժեք լինել, եթե չկա գործատու և աշխատող համագործակցությունը։ Երկուսն էլ պետք է շահագրգռված լինեն գրանցել իրենց հարաբերությունները»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաղաքացիներին դիմել Պետական եկամուտների կոմիտե։ «Այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե քաղաքացիներին հնարավոր լինի նրանց ներառել ծրագրերում։ Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի և քաղաքացիները, գործատուները հասկանան, թե ինչ մեծ պրոբլեմ են առաջացրել իրենց աշխատողների համար, գուցե նրանք էլ ինքնահայտարարագրման կամ ինքնախոստովանության պրոցես անցնեն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին 2 տարվա մեջ մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, դեռ չգիտեն, թե ինչքան է մնացել ստվերում, ուստի սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց, որ այստեղ ստվերում է ոչ միայն աշխատողների թիվը, այլև վարձատրության չափը:

  • Կիսվել: