հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավարտվել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի պատվիրակության  այցը Գեղարքունիքի մարզ

Ավարտվել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի պատվիրակության այցը Գեղարքունիքի մարզ

 Վերջերս Գեղարքունիքի մարզ էր ժամանել ՌԴ Օմսկի նահանգի կառավարական պատվիրակությունը՝ նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ՌԴ Օմսկի նահանգի միջեւ Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա համագործակցություն ծավալել ամենատարբեր ուղղություններով։
 

Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանը  ողջունել է պատվիրակության այցը մարզ՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ շատ կարեւոր է ունենալ ամուր գործընկերային կապեր երկու տարածաշրջանների տարբեր գերատեսչությունների եւ ներկայացուցչությունների հետ։

Մարզպետն իր խոսքում ընդգծել է Օմսկի նահանգի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ, ապա ներկայացրել մարզի ընդհանուր բնութագիրը, նրա տնտեսական վիճակը եւ զարգացման հնարավորությունները, խոսել մարզում  պետական աջակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերի մասին եւ վստահեցրել, որ այս համագործակցությունը իր նպաստը կունենա երկու կողմերի միջեւ հեռանկարային տարբեր ծրագրերի իրագործման հարցում։

Կարեն Սարգսյանը անդրադարձել է նաեւ Օմսկի նահանգի հայկական համայնքին, որի շուրջ 50 հազար անդամների հիմնական մասը կազմում են Գեղարքունիքի մարզի բնակիչները` նշելով, որ երկու մարզերի բարեկամության եւ համագործակցության ամենաամուր գրավականն ու լրջագույն ռեսուրսը հենց նրանք են։

-2022 թվականի հունվարի 20-ից` ՌԴ Օմսկի նահանգի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի միջեւ մեկնարկած համագործակցությունը արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները, որոնք վստահաբար կունենան փոխշահավետ ձեռքբերումներով լի շարունակություն, ինչի համար առկա են բազմաթիվ նախադրյալներ։Այս հանդիպումը եւս մեկ կարևորագույն քայլ է մեր համագործակցության ճանապարհին։ Մնացածն արդեն հետեւողական քայլերի, գաղափարների նախագծման ու կյանքի կոչելու տիրույթում է, որտեղ պահանջվում է համատեղ ու նպատակասլաց աշխատանք։ Վստահ եմ նաև, որ մեր փոխադարձ շփումներն ու այցերը նորովի կբացահայտեն համագործակցության հնարավորությունների սահմանները եւ ուղղությունները, կտան սպասվող արդյունքները, -նշել է Գեղարքունիքի մարզպետը։

Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ջերմ ընդունելության համար, եւ նշել, որ իրենք պատրաստակամ են՝ ընդլայնելու կապերը երկու տարածաշրջանների միջեւ գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի, հումանիտար եւ այլ ոլորտներում՝ կարևոր համարելով այդ համագործակցությունը նաեւ հայ համայնքի հզորացման հարցում։

ՌԴ պատվիրակության այցի շրջանակում  Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը եւ Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտը կնքել են համագործակցության հուշագիր, որը թույլ կտա գործակցել մշակութային փոխանակման, գիտության եւ կրթության ոլորտներում:

Հանդիպման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ  Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանն  այցելել է Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի  արեւային ֆոտովոլտային կայան,

Սեւան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց նոր սերնդի ջերմոցային տնտեսություն, «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծարան, Հայրավանքի վանական համալիր՝ ծանոթանալու մարզի տնտեսական զարգացման հեռանկարներին եւ հնարավորություններին, Հայաստանի մշակութային եւ հոգեւոր արժեքներին։

  • Կիսվել: