ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արդյոք արտակարգ դրությունը անհաղթահարելի իրավիճակ է. Իրավաբանը՝ գործատուների ու աշխատողների միջև վեճի և հարկադիր պարապուրդի մասին

Արդյոք արտակարգ դրությունը անհաղթահարելի իրավիճակ է. Իրավաբանը՝ գործատուների ու աշխատողների միջև վեճի և հարկադիր պարապուրդի մասին

Իրավաբան, աշխատանքային օրենսդրության մեջ մասնագիտացած Նարեկ Ներսիսյանը այս օրերին բազմաթիվ աշխատողների նամակներ է ստանում, որոնք ցանկանում են պարզել՝ ինչ է լինելու իրենց հետ, երբ արտակարգ դրության պատճառով հարկադիր պարապուրդի են մատնվել: InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը ներկայացրեց, որ Աշխատանքային օրենսգիրքը բացթողումներ ունի պարապուրդում վճարումների գործընթացը կարգավորելու առումով, քանի որ դրա արդյունքում վեճ է առաջանում գործատուի ու աշխատողի միջև:

Իրավաբանը վկայակոչեց Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը, որի համաձայն, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտացմանն ու որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց վնաս պատճառելու, ապա աշխատողին յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված ժամային դրույքաչափը: Նրա ներկայացմամբ, առաջին հայացքից օրենսդրությունն ասում է, որ գործատուն պետք է վճարի պարապուրդի մատնված աշխատողին, սակայն նույն հոդվածի մյուս կետը հակասական իրավիճակ է ստեղծում.

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում աշխատավարձ»:

«Հայտարարված է արտակարգ դրություն, և Աշխատանքային օրենսգրքի հոդվածը անհաղթահարելի ուժի մասին է խոսում, թերի կարգավորում է: Այսինքն՝ ստեղծվում է վեճ աշխատողի ու գործատուի միջև։ Արդյոք այն դեպքը, որ աշխատողը չի ներկայանալու աշխատանքի հարկադիր պարապո՞ւրդ է համարվելու, թե ոչ, արդյոք այս արտակարգ դրությունը գործատուների համար անհաղթահարելի իրավիճակ է: Յուրաքանչյուր դեպք պետք է առանձին-առանձին նայել, ուսումնասիրել և որոշումներ կայացնել», - նշեց Ներսիսյանը՝ մեկնաբանելով աշխատողների դժգոհությունները:

Իրավաբանի խոսքով, ինքը տեղյակ է, որ պետությունը գործատուների համար որոշ ուղեցույցներ է տրամադրել, որոնք հստակեցնում են՝ ինչպես աշխատել արտակարգ իրադրության՝ համաճարակի պայմաններում:

«Եթե գործատուին տրվել է այդ հնարավորությունը, ապա անհաղթահարելի իրավիճակ նրանց համար չի ստեղծվում: Այսինքն՝ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, հասկանանք՝ որ գործատուն, ինչ պայմաններ է առաջարկում աշխատողին, ինչ խնդիր է առաջացել յուրաքանչյուրի դեպքում», - հավելեց իրավաբանը:

Այդուհանդերձ, մասնագետի խոսքով, Աշխատանքային օրենսդրության մեջ շատ են թերի կարգավորումները, և այս իրավիճակն էլ գուցե առիթ հանդիսանա հարթել խնդիրները ու նոր կարգավորումներ ներմուծել օրենսդրության մեջ:

«Սա աննախադեպ իրավիճակ է, և ես կարծում եմ, որ Ազգային ժողովը պետք է արագ արձագանքի ու փոփոխություններ կատարվեն: Եթե չկա արհմիություն, չեն կնքվել կոլեկտիվ պայմանագրեր, ապա անհատական վեճի առարկա է դառնում խնդիրը, և աշխատողները շատ հաճախ չունեն հնարավորություն մտնել դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու», - նշեց իրավաբանը:

  • Կիսվել: