ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երկու կողմի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Արթուր Հովհաննիսյան

Երկու կողմի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Արթուր Հովհաննիսյան

Կարելի՞ է ենթադրել, որ մինչև ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ այս հարցն ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը տվեց բացասական պատասխան՝ նշելով՝ չի կարելի նման բան ենթադրել՝ առնվազն ելնելով ՀՀ վարչապետի երեկվա պատասխաններից, որը նա հնչեցրեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի:

Նրա խոսքով՝ վարչապետը, ըստ էության, կրկնել է այն, ինչ մենք ասել ենք բազմիցս:

«Անգամ եթե իրականության մեջ դիտարկենք Ադրբեջանի մտաահոգությունները՝ կապված Հայաստանի Սահմանադրության հետ, նախ՝ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ, որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել: Այս բոլոր հարցադրումներն ու մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից, և, հետևաբար, երկու կողմի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եվ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին համատեղ հայտարարության հետ:

Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին, և մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ վարչաապետը երեկ Տիրանայում պատասխանել էր ադրբեջանցի լրագրողի հարցերին՝ կապված Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող մտահոգությունների հետ, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: