հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդշինբանկը ֆինանսավորում է ​​բոլոր այն նախագծերը, որոնք ներդրումների տեսանկյունից համարում է արդյունավետ

Արդշինբանկը ֆինանսավորում է ​​բոլոր այն նախագծերը, որոնք ներդրումների տեսանկյունից համարում է արդյունավետ

Հուլիսի 7-ին Առաջին լրատվական կայքում (1in.am) հրապարակվել  է «Որ բանկն է ֆինանսավորում Եսայան եղբայրներին. Կկայանա՞ Եսայան եղբայրներ-«Բիլայն» գործարքը, թե՞ ոչ» նյութը, որում հերթական անգամ շրջանառվում է այն լուրը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապված է Արդշինբանկի հետ:

Ստիպված ենք ևս մեկ անգամ հրապարակավ հերքել այս տեղեկատվությունը և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ անձ կապված չեն Արդշինբանկի հետ, չեն տիրապետում և երբեք չեն տիրապետել նրա բաժնետոմսերին: Այս տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է տրամադրել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից համապատասխան տեղեկանք Բանկի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները բաց և հրապարակված տեղեկատվություն են, որը հասանելի է նաև Բանկի պաշտոնական կայքէջում:

Ինչ վերաբերում է նրան, թե Արդշինբանկը կզբաղվի՞ հոդվածում նշված գործարքը սպասարկելով, ապա պետք է նշել, որ Հայաստանի առաջին 100 խոշոր հարկ վճարողների մեծամասնությունն Արդշինբանկի հաճախորդ է ու նման ընկերություններին տրված  բանկի վարկերի ընդհանուր ծավալը անցնում է 340 մլրդ դրամը: Բանկն ինքը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 41-րդ տեղը, իսկ Հայաստանի բնակչության շրջանակում ունի շուրջ 300 հազ հաճախորդ: Բնական է, որ Արդշինբանկը, տասնյակ տարիներ հանդիսանալով երկրի զարգացման ու ֆինանսավորման կարևոր շարժիչներից մեկը, մշտապես իր հաճախորդների կողքին է, երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորող է: Բանկը ֆինանսավորում է բոլոր այն նախագծերը, որոնք վերլուծության արդյունքում համարում է արդյունավետ՝ ներդրումների տեսանկյունից: 

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում:  2020 թվականի հունվարի 21-ի, կապիտալի միջազգային շուկաներում RegS/144A ֆորմատներով, Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած եվրոպարտատոմսերի թվով երրորդ թողարկումը  Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker հեղինակավոր ամսագրի կողմից: Արդշինբանկի իրականացրած գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր:

  • Կիսվել: