ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում ալկոհոլ և ապերիտիվներ արտադրելը կարող է ավելի հեշտանալ. նախագիծն ԱԺ-ում է

Հայաստանում ալկոհոլ և ապերիտիվներ արտադրելը կարող է ավելի հեշտանալ. նախագիծն ԱԺ-ում է

Հայաստանում ապերիտիվի և ալկոհոլի մի շարք այլ տեսակների արտադրության տուրքը 15 մլն դրամից կկրճատվի մինչև 3 մլն դրամ։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
Նա ընդգծեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է որոշակի գործունեության տեսակներում վարչարարության կրճատման պարզեցմամբ, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու հանգամանքով։ Բացի այդ, ծանուցման ենթակա ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան պետական տուրքերի ավելի մատչելի դրույքաչափեր։
Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվում է ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակ։
 
«Նախագծով առաջարկվում է ոչ ալկոհոլային ու ոչ մրգային ալկոհոլի (օղի, ռոմ, ջին և այլն) մի շարք տեսակների համար տուրքը 15 մլն դրամից նվազեցնել մինչև 3 մլն դրամ։ Հացահատիկային սպիրտից պատրաստված օղու տուրքը մնում է 15 մլն դրամ»,– նշեց Քերոբյանը։
Ըստ նրա` մի քանի տարի առաջ Հայաստանում ավանդական մրգային օղու տեսակների համար տուրքը նվազեցվել էր տարեկան մինչև 50 հազար դրամ։
Բացի այդ, առաջարկվում է պարզեցնել կոնյակի արտադրության ընթացակարգերը (տարեկան ավելի քան 100 հազար լիտր ծավալով թողարկման դեպքում անհրաժեշտ չէ ծանուցում ուղարկել վերահսկիչ մարմիններին): Նույն պարզեցումն առաջարկվում է գարեջրի և գինու (այդ թվում՝ մրգային) արտադրության համար։
Պատասխանելով գինեգործության զարգացման վերաբերյալ հարցերին՝ Քերոբյանը նշեց, որ վերջին 2 տարում Հայաստանում գինեգործական ընկերությունների թիվն աճել է 60 %-ով՝ հասնելով շուրջ 110-ի։ Այժմ քննարկման փուլում է գինեգործության զարգացման հայեցակարգը, որը ներառում է խաղողի այգիների խնամքի, ֆերմերների և գինեգործների գիտելիքների և հմտությունների կատարելագործման, ինչպես նաև նոր շուկաների որոնման միջոցառումներ:

  • Կիսվել: