երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Մեր աշխատողը ճիշտ է վարել պրոցեսը, դրանից ավելի արագ հնարավոր չէր հասնել. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

Մեր աշխատողը ճիշտ է վարել պրոցեսը, դրանից ավելի արագ հնարավոր չէր հասնել. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

Շաքիի դեպքի մասով քաղաքացին ահազանգել է այն ոստիկանին, որի բջջային հեռախոսահամարն ունեցել է և որին ճանաչել է։ Այդ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, քանի որ նախորդ օրը եղել է հերթապահ, այսինքն՝ եղել է աշխատանքի վայրում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքի մանրամասներին և այն քննարկումներին, թե ոստիկանը ահազանգից հետո ավելի ուշ է հասել դեպքի վայր, քան ահազանգողը։

«Ոչ թե ուղղակի ոստիկանական համակարգ ահազանգ է ուղարկել, այլ իրեն ծանոթ ոստիկանին է զանգել, որը նախորդ օրը եղել է հերթապահության մեջ, ինչը նորմալ է, որ հերթապահության հաջորդ օրը պետք է հանգստի մեջ լիներ։

Չեմ ուզում րոպեի ճշգրտությամբ որևէ բան նշել, որովհետև վարույթ իրականացնող մարմինը պատեհ պահին հանդես կգա կոնկրետ րոպեն նշելով, բայց ահազանգից չանցած 10 րոպե՝ ոստիկանը եղել է դեպքի վայրում, և դեպքը տեղի ունեցած է եղել։

Մեր աշխատողը ճիշտ է վարել պրոցեսը, և դրանից ավելի արագ, օրինակ, հնարավոր չէր հասնել և որևէ բան կանխել»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ոստիկանը դեպքի վայրից շատ ավելի հեռու է եղել, քան ահազանգող քաղաքացին՝ Անի Ավետիսյանը։

«Հանգստի մեջ գտնվող ոստիկանը Սիսիանի բաժնից շատ ավելի հեռավորության վրա է բնակվել, այսինքն՝ երբ դուրս է եկել տնից, 10 րոպե չանցած հասնելը գերօպերատիվ աշխատանք է ենթադրել իրենց համար, և երբ հասել է, դեպքն արդեն տեղի ունեցած է եղել։

Հորդորել է նաև, ուղղորդել է տղային, որ զանգի 112 ծառայություն, ուժեր գան և օգնեն։ Երբ 112 ահազանգ է ստացվել, մեր ստանդարտով 10 րոպեում պիտի օպերատիվ խումբը մեկնի, այսինքն՝ մեկնում պիտի կատարվի դեպքի վայր, բայց 10 րոպեում ամբողջ բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, եղել է տեղում։

Ընդ որում՝ հենց ոստիկանի օպերատիվ աշխատանքի արդյունքն է եղել, որ անձի հետքի վրա ենք դուրս եկել և կարողացել ենք հայտնաբերել ու ձերբակալել»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ դեպքի մասով այս պահին նոր հանգամանքներ չկան, և երբ քննչական աշխատանքներն ավարտվեն, հանրությանը կտեղեկացնեն։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։

  • Կիսվել: