ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ

Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունների մասին հայկական և ադրբեջանական պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցության վերսկսման փաստը, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ դրական քայլի մասին», - նշել է Շևցովը։ Նա նաև ուշադրություն է դարձրել բազմամյա ընդմիջումից հետո Ադրբեջանից Հայաստան դիզվառելիքի և բենզինի ուղղմանը։

Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին՝ Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալն արձանագրել է, որ կողմերը չեն հերքում, որ տվյալ պահին դրա մատակարարումներն իրականացնելը դժվար է. անհրաժեշտ է նոր գազատարի շինարարություն։

«Իսկ դա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի պայմաններում», - նշել է Շևցովը։

  • Կիսվել: