ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն:Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝  ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նրա խոսքով,  նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարացնելու պարագայում որոշ պարենային և արդյունաբերական նշանակության ապրանքների գները միջինում կնվազեն 3 տոկոսով, իսկ հայաստանյան տնտեսվարողները կտնտեսեն մոտ 30 միլիոն դոլար։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնել է որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք է բերել նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով,  կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ:

Սակայն, ըստ նրա, արտոնյալ ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 1-ին: Վարոս Սիմոնյանն ասաց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները 2020 թվականին ևս 1 տարով երկարաձգվեն:

Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:

Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: «Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող»,-ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: