հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2024 թվականին ՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի 13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%

2024 թվականին ՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի 13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%

2024 թվականին բյուջեի եկամուտները նախատեսվում է համալրել 2 տրիլիոն 676,1 մլրդ դրամով կամ 13,1%–ով ավելի, քան 2023 թվականի ակնկալվող ցուցանիշը, և շուրջ 30%–ով ավելի, քան 2022 թվականի փաստացի ցուցանիշը։ Այս մասին ասվում է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում, որի քննարկումները սկսվել են ԱԺ–ում։
 
2024 թվականին նախատեսված է ՀՆԱ–ի 7% աճ (բացարձակ թվերով՝ 10 տրլն 496 մլրդ դրամ կամ 26,2 մլրդ դոլար)։
 
Առանձին հարկատեսակների հավաքագրման կանխատեսում չի տրվում, սակայն սպասվում է, որ դրանց աճը կկազմի 15%, այսինքն` կգերազանցի տնտեսության ընդհանուր աճը։ Հարկերի ծավալը բացարձակ թվերով ակնկալվում է 2 տրլն 566 մլրդ դրամ կամ մոտ 6,4 մլրդ դոլար։
Ինչ վերաբերում է տուրքերին, ապա այն բանից հետո, երբ 2023 թվականին չեղարկվեց բարձր տուրքը (պղնձի և մոլիբդենի արտահանման համար), որով հարկվում էին հանքարդյունաբերության խոշորագույն ընկերությունների մեծ մասը, տուրքերի գծով հավաքագրումները զգալի նվազեցին (ավելի հստակ` վերադարձան մինչև 2022 թվականի մակարդակ, երբ այն ներդրվեց)։ Եթե 2022 թվականին 106,4 մլրդ պետական տուրք էր հավաքվել, ապա 2023 թվականին ակնկալվում է հավաքել 52,2 մլրդ, 2024–ի համար նախատեսվում է ավելի շատ` 62,6 մլրդ։
 
Ակնկալվող աճը պայմանավորված է առցանց շահումով խաղերի նոր տուրքերով, որոնք ուժի մեջ են մտնում հաջորդ տարվանից։ Ընդունված խաղադրույքների յուրաքանչյուր 100 մլրդ դրամի համար առցանց խաղատները պետք է վճարեն 175 մլն դրամ, իսկ առցանց տոտալիզատորները` յուրաքանչյուր 50 մլրդ խաղադրույքի համար 50 մլն դրամ։
 
Պետբյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 17,4 միլիար դրամի չափով կամ 16,4% ավելի, քան նախատեսվում է 2023 թվականին։ Միևնույն ժամանակ կշարունակվի կապիտալ ծախսերի զգալի աճը (շինարարություն)։ Եթե 2023 թվականին դրանց աճը նախատեսվում է շուրջ 60%–ով, ապա 2024 թվականին` 27%–ով։
 
2023 թվականին նախանշված ցուցանիշների համեմատ` 2024 թվականին սոցիալական ապահովման ծախսերը պետք է աճեն շուրջ 15,5%–ով` մինչև 755,3 մլրդ դրամ, առողջապահության ծախսերը` մոտ 14,5%–ով` մինչև 170,7 մլրդ, կրթության ծախսերը` 38%-ով` մինչև 291,9 մլրդ։ Պաշտպանության ոլորտի, ոստիկանության և դատական համակարգի ծախսերը պետք է աճեն 7,8%–ով, այսինքն` մինչև 777,8 մլրդ։

  • Կիսվել: