ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2023 թ․ մայիսից հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով մեկնել Ռիգա

2023 թ․ մայիսից հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով մեկնել Ռիգա

Հաջորդ տարվա մայիս ամսից հնարավոր կդառնա Հայաստանից ուղիղ չվերթով հասնել Լատվիա, այնտեղից էլ՝ Եվրոպական ցանկացած երկիր: 11 տարվա ընդմիջումից հետո «Էյր Բալթիկ» ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր ավիաերթուղու շնորհանդեսի ժամանակ նորությունը հայտնեց ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, հավելելով, որ դա մեծ հնարավորություններ է ստեղծում հայ զբոսաշրջիկների համար: Այսկերպ, նրանք կարող են մեկնել Ռիգա և այնտեղից`աշխարհի մոտ 90 քաղաք:
Նրա խոսքով` սա նոր ու հրաշալի հնարավորություն է նաև հայաստանյան տուրիստական ընկերությունների համար` շուկայում  նոր առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից։ Հանգստի մեկնելիս մարդիկ առավել նախընտրություն են տալիս այն ուղղություններին, որտեղ կարելի է հասնել ուղիղ չվերթով, և այս նոր ուղղությունը թարմ շունչ կհաղորդի եղած առաջարկներին։

«Լատվիային շատ մոտ են նաև  Էստոնիան և Լիտվան, ուստի, կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով, այցելել և վայելել  այս երկրները: Չվերթերը մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, մատչելի արժեքին այս պահին նաև զեղչերն են գումարվել, կարելի է Երևան–Ռիգա–Երևան երկկողմանի ավիատոմսերը գնել մոտ 200 եվրոյով»,– հավելեց Ղասաբօղլյանը։

Կովկասյան տարածաշրջանում «Էյր Բալթիկ» ավիաընկերության ներկայացուցիչ  Մարիա Ռադչենկոյի խոսքով` «Էյր Բալթիկ»-ի ավիապարկն էլ համալրված է նոր ինքնաթիռներով: Այստեղ ամենահին ինքնաթիռը 3 տարեկան է։
«Նշեմ, որ մեր ինքնաթիռները, բացի նորը լինելուց, նաև շատ հարմարավետ են: Մեր հաճախորդները հնարավորություն ունեն բյուջետային տարբերակից բացի ընտրել նաև բիզնես դասի ծառայությունների ամբողջական փաթեթը: Ամենակարևորը՝ մեր ուղևորների համար կա ընտրության հնարավորություն»,-ասաց նա:

Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս, մեր երկրում «Էյր Բալթիկ»-ի վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուր»-ի տնօրեն Արմինե Ադամյանը վստահ է, որ սա կնպաստի ոչ միայն արտագնա, այլև՝ ներգնա տուրիզմի զարգացմանը։

«Սա մեզ հնարավորություն կտա տարբեր երկրներից դեպի Հայաստան տուրիստներ ներգրավել։ Առաջիկայում հայաստանցի զբոսաշրջային գործակալների համար դեպի Ռիգա ճանաչողական այց կկազմակերպվի, Լատվիայից էլ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները ճանաչողական այցի շրջանակներում Հայաստան կգան: Իմ կարծիքով` սա նաև լավ հնարավորություն է երկու երկրների միջև տնտեսական կապերն ակտիվացնելու համար»,–  հայտնեց Ադամյանը։

Նա հավելեց, որ դեպի Ռիգա ավիատոմսերի վաճառքն արդեն հասանելի է նաև ավիաընկերության պաշտոնական կայքէջում։

  • Կիսվել: