հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2022 թ․ բյուջեի ծախսերը կկազմեն 2․2 տրիլիոն դրամ, կապիտալ ծախսերը՝ 350 մլրդ դրամ

2022 թ․ բյուջեի ծախսերը կկազմեն 2․2 տրիլիոն դրամ, կապիտալ ծախսերը՝ 350 մլրդ դրամ

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ձևավորվել է կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ։ Այս մասին կառավարության նիստում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով՝ 2 տրիլիոն 005.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 188.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը։ Դեֆիցիտը նախատեսված է 242.2 մլրդ դրամ։

2022 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավելի են 18,2 տոկոսով։ ՀՀ համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 183.0 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9 տոկոսային կետով և 2022 թվականի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4 տոկոսին։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման կարևոր նշանակության կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմըի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60,2 տոկոսը։

«Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող պետական ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ բարձր աճ։ Դրանք 2022 թվականին կհասնեն ՀՆԱ-ի 4,4 տոկոս մակարդակի։ Կապիտալ նշանակության ծախսերի հանրագումարը կկազմի մոտ 350 մլրդ դրամ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ 2022 թվականի պետական բյուջեն նարառում է այնպիսի ծրագրային նախաձեռնություններ, որոնք լինելով մեկնարկի փուլում՝ հիմքեր են ստեղծում հաջորդ տարիների ընթացքում նույն ուղղություններով ավելի մեծ ծավալով զարգացումներ ապահովելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: