2022-ին Հայաստանից մեկնող և ժամանող ուղևորների 25 տոկոսը հայկական ավիաուղիներով է փոխադրվել
Հայաստանի ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտներում կա որոշակի աճ՝ համապատասխանաբար, 12 և 15 տոկոս: Նախորդ տարի մոտ 501 հազար ուղևորափոխադրում է իրականացվել: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Անդրադառնալով ավիացիոն ոլորտին՝ նախարարը նշեց, որ, ճիշտ է, այս ոլորտում թվերը փոքր են, բայց հաջողություններ կան՝ հաշվի առնելով, որ 7 հայկական ընկերություն է գրանցվել:
«Ուղևորափոխադրումների մեջ հայկական ընկերությունների մասնաբաժինը ավելանում է: Եթե 2018-ին Հայաստանից գնացող և եկող ուղևորների 2,5 տոկոսն է հայկական ավիաուղիներով փոխադրվել, ապա նախորդ տարի այդ թիվը 25 տոկոսի հասավ, այսինքն՝ ամեն 4-րդ մարդը տեղափոխվում է հայկական ավիաուղիներով: Կամ եթե թվերով փորձեմ ասել, ապա նախորդ տարի 3,7 միլիոն մարդ է վայրէջք և թռիչք կատարել մեր օդանավակայաններից, որոնցից 951 հազարը՝ հայկական ավիաուղիներով:
«Զվարթնոց»-ում օրական չվերթների քանակն արդեն 90-ից անցնում է, ինչը մեր օդանավակայանի, այսպես ասած, գրեթե սահմանագիծն է, այսինքն՝ մեր օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված»,- ասաց նախարարը:
Նման իրավիճակում, ըստ Սանոսյանի, Կառավարության և ոլորտային գործընկերների հետ քննարկվում է օդանավակայանի տարածքում նոր շենք-շինություններ, ենթակառուցվածքներ ավելացնելու հարցը: