կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2022-ին գնաճը երրորդ եռամսյակի սկզբից աստիճանաբար նվազել է և տարեվերջին կազմել 8,3 տոկոս. ԿԲ նախագահ

2022-ին գնաճը երրորդ եռամսյակի սկզբից աստիճանաբար նվազել է և տարեվերջին կազմել 8,3 տոկոս. ԿԲ նախագահ

2022-ին ինչպես մակրոտնտեսական միջավայրը, այնպես էլ գնաճային զարգացումները կրել են ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված տնտեսական հետևանքները, ինչպես նաև զարգացած երկրների տնտեսական և գնաճային զարգացումներից բխող ազդեցությունները: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Հակամարտության և պատժամիջոցների պայմաններում մի կողմից արժեշղթաների խաթարման հետևանքով էներգակիրների և պարենային ապրանքների՝ միջազգային շուկաներում արձանագրված գների աճը, իսկ մյուս կողմից` միջազգային այցելուների ներհոսքի հետևանքով Հայաստանում պահանջարկի էական ընդլայնումը, պայմանավորել են ողջ տարվա ընթացքում ներքին տնտեսությունում բարձր գնաճի ձևավորումը: Ստեղծված իրավիճակում գների կայունության ապահովման նպատակով 2022-ին Կենտրոնական բանկը վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդհանուր 3 տոկոսային կետով:

Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների պատճառով, տարվա երկրորդ կեսից սկսած՝ նկատել ենք թուլացում, և գնաճը երրորդ եռամսյակի սկզբից աստիճանաբար նվազել է և տարեվերջին կազմել 8,3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը տարվա ընթացքում ցուցաբերել է նմանատիպ վարքագիծ՝ տարեվերջին կազմելով 9,5 տոկոս»,- ասաց նա:

  • Կիսվել: