ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին․ ԿԲ նախագահ

12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին․ ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը, սահմանելով 9․25 տոկոս: ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ Գալստյանի,  2022թ-ի մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել է 9%,  իսկ 12-ամսյա բնականոն գնաճը  կազմել է 8․4%։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասական անդրադառնալ  ՀՀ և գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա։ Համաշխարհային արժեշթղաներում պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային գների շարունակական աճը  հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի  ընդլայնմանը։ Զարգացած երկրների կենտրոնական  բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության  համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման  մասին»,- նշեց Գալստյանը։

Ըստ Գալստյանի, արտաքին հատվածից  ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը  դեռևս պահպանվում է․  «2022 թ-ի երկրորդ եռամսյակում   պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր  ակտիվությունը, միջազգային այցելուների  զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի  և ամբողջական պահանջարկի ավելացմանը։  Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և  գնաճային սպասումների աճին»։

ԿԲ նախագահի խոսքով,ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև  արտարժույթի շուկայում դրամի արժևորմանը․  «Ստեղծված իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»:

Ըստ Գալստյանի, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Գալստյանը նշեց նաև, որ կանխատեսված 1.6 տոկոսից ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է 4.9 տոկոսի․ «Դրան նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարությունը և ծառայությունները։ Հիմնականում այն պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում  ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչքան որ ակնկալում էինք փետրվարին», - ասաց Մարտին Գալստյանը։

  • Կիսվել: