երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարդանը չկա` ընտանիքն այսօր առանց հերոսի կնշի իր ծննդյան օրը

Վարդանը չկա` ընտանիքն այսօր առանց հերոսի կնշի իր ծննդյան օրը

Համեստ, բարի, խաղաղ մարդ էր․ այսպես է որդուն բնութագրում երևանցի տիկին Վարդուհին, ում որդին՝ Վարդանը իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։

Մկրտչյանների ընտանիքն այսօր  պիտի տոներ Վարդանի տարեդարձը, բայց, ավա՜ղ, նրա մասին լոկ հիշողություններն են մնացել։ Վարդանի մայրը՝ տիկին Վարդուհին, թվում է որդու սիրելի ուտեստները։ Ասում է՝ թփով տոլմա շատ էր սիրում․ «Ինչ էլ տայինք չէր դժգոհի, բայց շոկոլադով թխվածքներ էր շատ  սիրում, հատկապես «նեգրի ժպիտ»»։ Արցախյան 44-օրյա պատերազմն իր դրոշմը թողել է նաև այս մեծ ընտանիքում։

«Շատ ծանր օրեր ապրեցինք»,- խոր կսկիծով ասում է մայրն ու պատմում, որ պատերազմի սկզբից օրեր անց, չնայելով իր դեմ լինելուն, Վարդանը կամավորագրվել է։ Միայն եղբորորդուն է ասել այդ մասին ու պատգամել՝ «մարդ չիմանա»։

«Ես մտածում էի, որ գաղտնի կգնա, որովհետև հենց պատերազմի առաջին օրվանից  իր տրամադրվածությունից զգում էի, որ ինքը ուզում էր գնար, անտարբեր չէր, տխուր էր շատ։ Էդ օրը գրվել էր, հաջորդ օրն 9։30 կանչել էին։ Տանից դուրս եկավ առանց հաց ուտելու։ Մուտքում եմ իրան համբուրել ու ճանապարհել, ասեցի՝ գոնե արի մի հատ պաչեմ, դուրս էկա, համբուրեցի, գնաց»,- արցունքները կոկորդում խեղդելով` պատմում է տիկին Վարդուհին։

Հոկտեմբերի 5-ին Վարդանն իրենց ջոկատի հետ մեկնել է ռազմաճակատ, մասնակցել մարտերին Ֆիզուլիում։ Մայրը պատմում է՝ որդու ջոկատը  4 օր շրջափակման  մեջ է եղել, մարտի բռնվել թշնամական ուժերի հետ։ «Հոկտեմբերի 5-ին գնացել ա, 13-ին եղել ա իր վերջին զանգը»,- ցավով ասում է տիկին Վարդուհին ու ափսոսանքով հիշում, որ զանգը կարճ էր՝ որդու հետ խոսել չի կարողացել։

«Երևի 2 րոպե եղբոր հետ խոսեց, ես  չհասցրեցի նույնիսկ հետը խոսել, անջատվեց։ Հետո լուր չենք ունեցել։ Մինչև էդ եղբորն ասել էր, որ շրջափակման մեջն են չեն կարողանում դուրս գալ»,-պատմում է մայրը։

 «Շատ ծանր օրեր ապրեցինք, ոչ մի տեղից ոչ մի լուր չէինք կարողանում իմանալ։ Տղաս Ղափանից սկսած բոլոր դիահերձարաններում ման ա եկել»,- պատերազմի օրերի  տառապանքը վերհիշում է որդեկորույս մայրը։

5 ամիս շարունակ Վարդանը եղել է անհետ կորածների ցուցակում։ Դեկտեմբերի սկզբին հարազատների հայտնել են, որ գտել են Վարդանի հեռախոսը և միայն փետրվարի 5-ին ԴՆԹ նույնականացումից հետո է  հերոսի դին փոխանցվել հարազատներին։

«Ահավոր օրեր, ամիսներ ապրեցինք, մենք մինչև վերջ սպասում էինք, որ ինքը գալու ա։ Գերիներ մեջ էլ ենք ման եկել։ Ճիշտն ասած՝ մինչև հիմա էլ սպասում ենք։ Մեզ համար շատ դժվար ա էդ կորստին համակերպվելը։ Միասին ենք մեծացել, մի ընտանիքում։ Էս պատերազմը բոլոր ընտանիքներում մի սուգ բերեց»,- մեր զրույցին միանում է Վարդանի ավագ եղբոր կինը՝ Մարինեն։

Տեգոր մասին գորովանքով է խոսում՝ իր երեխաների համար շատ լավ հորեղբայր էր, իր համար էլ՝  հարազատ եղբոր պես։ «Աղջիկս է  տառապում, հորեղբոր հետ շատ կապված էր։ Ամենաշատը իրեն ա զանգել։ Դրանից երևի ենթադրել են, որ հարսնացուն է, իրեն են ասել, որ զոհվել է։ Ուշքի չի գալիս։ Փաստն էն ա, որ ամենալավերն են գնացել»,- ասում է Մարինեն։

Երբ տիկին Վարդուհուն խնդրեցինք, որդու մասին մի քիչ էլ պատմել, մայրական համեստությամբ ասաց թե՝ չի կարող  ինչ-որ բան ասել․ «Մաման եմ ես, գիտե՛ք, մենակ լավը կարամ ասեմ, ի՛մ տղան ա։ Չգիտեմ՝ ինչ ասեմ»։

Բազմաթիվ հարցեր են պտտվում մոր գլխում ու պատասխաններն էլ չի գտնում։ «Լավ զավակ ես ունեցել ու էսօր ոչինչ չունես։ Մնացել են մենակ հուշերն ուն նկարները։ Ուղարկել են Ֆիզուլի, չեն ասե՞լ ամսի 9-ից էդ հողերը գրավված ա եղել, ինչի՞ եք թողել որ մտնեն։ Մտել են ու բոլորն էլ զոհվել։ Վերջում բոլորին իրար հետ գտան»,- սրտի խոր ցավով ասում է մայրը։

Որդեկորույս մայրն ափսոսանքով նշում է, որ որևէ ուշադրության չեն արժանանում։ «Ոչ մի բան չեն էլ հարցրել,  չեն էլ զանգել։  Ոչ ոք չի ասել՝ շնորհակալ ենք կամ շնորհակալ չենք։ Նույնիսկ անունը մի շաբաթ առաջ հրապարակվեց  զոհվածերի  196 հոգու ցուցակում, ո՛չ գրած էր կամավոր, ո՛չ գրած էր պահեստաորային, ոչինչ գրած չէր, մենակ գրած էր  Մկրտչյան Վարդան Աշոտի։ Մի քիչ վիրավորական է, որ մարդը  էդ տարիքում գիտակցաբար գնում է մահվան, գիտի, որ կարող է զոհվել, ու ոչ մեկը  չի ասում շնորհակալ ենք, որ զրկվել ենք ձեր զավակից։ Ծանր ա շատ»։

Վարդանին հուղարկավորել են Եռաբլուրում փետրվարի 7-ին, իսկ այսօր կլրանար նրա 36-ամյակը։ Հավերժ փառք, զինվո՛ր։

 

  • Կիսվել: