ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծանր օրեր էին, ո՛չ գիշեր կար, ո՛չ ցերեկ. լիբանանահայ բժիշկը պատմել է պատերազմական օրերի մասին

Ծանր օրեր էին, ո՛չ գիշեր կար, ո՛չ ցերեկ. լիբանանահայ բժիշկը պատմել է պատերազմական օրերի մասին

Պատերազմի օրերին լիբանանահայ բժիշկ Միսակ Արբաջյանն աշխատել է ամենածանր ու թեժ կետերում։ Լիբանանից Հայաստան է եկել մարտական գործողությունների առաջին օրն ու մնացել մինչև վերջ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը:

Վիրաբույժը նախ մեկնել է Գորիս, հետո իր կարիքը զգացել են Ստեփանակերտում։ Իրենց խմբում վիրաբույժներ, օրթոպեդներ ու նեյրովիրաբույժներ կային։

«Ծանր օրեր էին, ո՛չ գիշեր կար, ո՛չ ցերեկ, ո՛չ ժամ ու դադար։ Հիմնականում զբաղվում էինք վիրավոր զինվորների բուժմամբ, ցուցաբերում էինք առաջին օգնություն։ Հետո վիրավորները տեղափոխվում էին Երևան»,- պատմում է վիրաբույժը։

Բժիշկներն աշխատում էին անդադար, ու ամենածանր պահերին նրանց ոգևորում էին հենց զինվորները։ Չնայած վիրավոր էին, ու կյանքները վտանգված էր, նրանք ժպտում էին։ Բժշկի խոսքով՝ պատերազմի օրերի միակ ուրախությունը զինվորի կյանքը փրկելն էր ու նրանց ընտանիք վերադարձնելը։

«Իսկապես քաջ զինվորներ են։ Այդ ծանր օրերին նրանք նույնիսկ կարողանում էին ժպտալ։ Երբ հարցնում էինք՝ ցավ ունե՞ս, ցավո՞ւմ է, ասում էին՝ աշխատիր, բժիշկ։ Ջերմ և զորավոր տղերք են՝ մեծ հույսով, ապագան փայլուն տեսնող, հաղթանակ էին երազում»,- ասում է Միսակ Արբաջյանը։

Լիբանանահայ վիրաբույժն ասում է՝ միշտ պատրաստ է հայրենիքին ծառայել։ Հայաստանից մեկնում է կարճ ժամանակով։ Նորից պետք է վերադառնա ու շարունակի օգնել հայրենիքին։

 

  • Կիսվել: