ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերբական ընկերությունը հերքում է Ադրբեջանին Հայաստանը շրջանցելով ռազմական արտադրանք վաճառելու մասին լուրերը

Սերբական ընկերությունը հերքում է Ադրբեջանին Հայաստանը շրջանցելով ռազմական արտադրանք վաճառելու մասին լուրերը

Սերբական «Միլե Դրագիչ» ընկերությունը հերքում է հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր ընկերությունը հայկական կողմին առաջարկել է պատերազմի ժամանակ իրենից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնել, սակայն մերժում ստանալով ՝ վաճառել է այդ ռազմական արտադրանքը Ադրբեջանին:

Ինչպես ասվում է ընկերության սեփականատեր Միլե Դրագիչի պաշտոնական պատասխանում InfoPort.am-ի հարցմանը ի պատասխան` շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Նամակում, մասնավորապես, ասվում է. ««Միլե Դրագիչ» ընկերությունը Ադրբեջանի Հանրապետությունից ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում Ձեր նամակում նշված սաղավարտների եւ զրահաբաճկոնների մատակարարման պատվեր չի ստացել: Ընկերությունը երբեք Ադրբեջանի Հանրապետության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չի եղել, բանակցություններ չի վարել նրա հետ ապագայում որեւէ պայմանագիր կնքելու հնարավորության մասին, ուղղակիորեն կամ Թուրքիայի միջոցով նրան արտադրանք չի մատակարարել։

Ընկերությունը չի կապվել նաև Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նշվում է Ձեր նամակում ՝ հղում անելով ԶԼՄ-ներին, Հայաստանի Հանրապետությանը շուկայականից ցածր գներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ:

Չի համապատասխանում իրականությանը նաև Ձեր կողմից նշված տեղեկատվությունը առ այն, որ մենք ունենք պատրաստի 4000 սաղավարտ և 4000 զրահաբաճկոն: Հաշվի առնելով արտադրանքի տեսակը, արտադրական գործընթացի և օգտագործվող նյութերի առանձնահատկությունները, պահեստում նման մեծ քանակի պատրաստի ապրանքի առկայությունը բացարձակապես անշահավետ է:

«Միլե Դրագիչ» ընկերությունը որևէ տեղեկություն չունի Սերբիայի Հանրապետության հայ համայնքի ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև բանակցությունների մասին:

Կցանկանայի նաեւ ընդգծել, որ, Սերբիայի Հանրապետության օրենսդրությանը համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ է ստանալ Սերբիայի Հանրապետության Առեւտրի նախարարության կողմից տրվող հատուկ արտահանման արտոնագիր:

Բացի այդ, կցանկանայի ընդգծել, որ "Միլե Դրագիչ" ընկերությունը գործարքներ չի իրականացնում այն երկրների եւ կողմերի հետ, որոնք գտնվում են սուր ռազմական հակամարտության մեջ»:

Նշենք, որ օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ «Mile Dragic» ընկերությունը Ադրբեջանի Հանրապետությունից 40 հազար սաղավարտների եւ 40 հազար զրահաբաճկոնների գնման պատվեր է ստացել: Այդ տեղեկատվության համաձայն, ընկերությունն ավելի վաղ կապվել է Սերբիայի հայ համայնքի հետ ՝ նույն ապրանքը հայկական կողմին առաջարկելով ավելի ցածր գներով: Ըստ շրջանառվող լուրերի, Սերբիայի հայ համայնքը այդ առաջարկի մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն վերջինս հրաժարվել է գործարքից, որից հետո ընկերությունը, իբր, նշված ապրանքն Ադրբեջանին Է մատակարարել Թուրքիայի միջոցով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: