Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԶՈՒ ԳՇ պետ
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախային են, այդ մասով ՊՆ-ն տեղեկատվություն է տալիս»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետը:
Անդրադառնալով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.
«Նպատակն է մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելը, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները, ԳՇ պետը նկատեց. «Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով նպատակները հետևյալն են՝ փորձում են մեր զինծառայողների,սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։
Դիտարկմանը՝ ի՞նքն էլ է վարչապետի պես կարծում, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն, Ասրյանը նշեց.«Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և այն ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։
Հարցին էլ՝ ուշադրություն չեք դարձնում, իսկ եթե 44-օրյա պատերազմի պատկեր ունենաք, ի՞նչ է լինելու, նա ասաց.
«Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը: Ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ ՀՀ Զու-երը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը: Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով, և սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»։