երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությունն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից․ Շոյգուն տվյալներ է ներկայացրել

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությունն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից․ Շոյգուն տվյալներ է ներկայացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ: ՌԴ նախագահը հայտարարել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին` Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու նպատակով:

Խորհրդակցության սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել Արցախի հիմնախնդիրը, և այլևս չի օգտագործվի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը: Այնուհետև պաշտպանության նախարարը զեկուցել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի մասին:

Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորախմբի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա: Այն հիմնված է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների վրա:

«Նոյեմբերի 10-11-ը վերահսկողության տակ էր վերցվել Լաչինի միջանցքը: Երեկ ժամը 17: 00-ին խաղաղապահ ստորաբաժանումները մուտք են գործել Ստեփանակերտ: Ստեփանակերտ և Շուշի քաղաքների զինվորականները ստեղծել են չորս դիտակետ: Այսօր ավարտում ենք դիտորդական կետերի տեղակայումը «Հարավ» պատասխանատվության տարածքում: Այս գոտում դրանց ընդհանուր թիվը կլինի ինը: Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում: Վաղը նախատեսում ենք ավարտել ութ դիտակետի տեղադրումն այս գոտում:

Շարունակում ենք տեխնիկայի և նյութական ռեսուրսների տեղափոխումը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի օրական 25 թռիչքով: Երեք օրվա ընթացքում իրականացվել է 73 չվերթ, տեղափոխվել է 1103 զինծառայող, 1168 միավոր տեխնիկա:

Տեղակայվել է պաշտպանության նախարարության օպերատիվ խումբ, ստեղծվել են անմիջական կապի ուղիներ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների հետ, որոնց հետ շարունակվում է աշխատանքը՝ խաղաղապահ գործողության պարամետրերի հստակեցման ուղղությամբ:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությունն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից: Խաղաղապահ գործողության տարածքում իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում, և կրակի դադարեցման ռեժիմը շարունակվում է:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ռուս զինվորականների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է պաշտպանության նախարարը:

Նա նաև շեշտել է, որ մարդասիրական բնույթի խնդիրն ամեն օր ավելի ու ավելի է աճում. «Դրանք են՝ փախստականների տեղափոխումն ու վերադարձը և, բնականաբար, մարդասիրական այլ խնդիրներ»:

  • Կիսվել: