ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմի մասին ճշմարտությունը կիմանանք 30 տարի հետո․«Առավոտ»

Պատերազմի մասին ճշմարտությունը կիմանանք 30 տարի հետո․«Առավոտ»

«Մարդկային կյանքն ու ազատությունը ամենաթանկ, ամենակարևոր բանն են աշխարհում, որոնց համար կարելի է վճարել ցանկացած գին: Այդ առումով մեր 15 գերիների վերադարձը հայրենիք պետք է անվերապահորեն ողջունել և ուրախանալ այդ տղաների ընտանիքների հետ միասին: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Հերոս-ոչ հերոս» քննարկումն էլ առանձնապես իմ սրտով չի. հեշտ է համակարգչի դիմաց նստած նման դատողություններ անել: Իհարկե, տեղի է ունեցել գործարք, և այդ բառից պետք չէ վախենալ: Բաքվի դատարանը, բնականաբար, անկախ չէ, և կարող էր մեր տղաներին դատապարտել թե՛ 6 ամսով, թե՛ 6 կամ 60 տարով՝ միևնույն է, դրանք կլինեին ապօրինի վճիռներ:

Պայմանավորվածությունը, հավանաբար, այն էր, որ ռազմագերիներին կտան այնպիսի մի ժամկետ, որ նրանք կարողանան վերադառնալ տուն, որի դիմաց ադրբեջանական կողմին կտրամադրվեն Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Քանի որ ես պարտադրված չեմ բոլոր պարագաներում իշխանությունների հասցեին բացասական բաներ գրել, իմ կարծիքը հայտնեմ. ռազմագերիներին արժե՛ր այդ գնով վերադարձնել: Քննադատության առարկա պետք է լինի ոչ թե այդ գործարքը, այլ՝ մեր զինվորների գերի ընկնելու բուն փաստը: Ո՞վ էր նրանց նոյեմբերի 10-ից հետո ուղարկել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրեր, ուղարկելուց հետո ինչո՞ւ ոչ ոք տեր չկանգնեց ո՛չ նրանց, ո՛չ էլ այդ բնակավայրերին, ինչպե՞ս ստացվեց, որ հրադադարից, շփման գիծը ֆիքսելուց հետո այդ բնակավայրերը հայտնվեցին հակառակորդի ձեռքում: Եվ, ի դեպ, ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, որ 44- օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են դեպքեր, երբ զինվորներին հասցրել էին խրամատների մոտ և անտերության մատնել: Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը լուրջ հեղինակավոր հանձնաժողով ստեղծեր և տար այդ բոլոր հարցերի պատասխանը: Բայց իրականությունն իդեալից չափազանց հեռու է:

Եթե նոր խորհրդարանում կամ որևէ այլ տեղ ստեղծվի նման հանձնաժողով, ապա դա կլինի ոչ թե պետության, այլ իշխանության հանձնաժողով, իսկ դրա եզրակացությունը հայտնի է նախապես. ամեն ինչում մեղավոր են Օնիկ Գասպարյանը, Լևոն Մնացականյանը, Մովսես Հակոբյանը, Սեյրան Օհանյանը, մի քիչ էլ՝ Արման Թաթոյանն ու Մայր աթոռը, այսինքն՝ բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից: Նման եզրահանգման գալու համար ոչ մի հանձնաժողով էլ պետք չէ ստեղծել: Եթե խնդիրը ճշմարտությունն իմանալն է, ապա այս իշխանության ժամանակ այն խնամքով կոծկվելու է, բայց հաջորդ իշխանությունը նույնպես ճշմարտության համար ջանքեր չի թափի ու կառաջնորդվի իր քաղաքական օրակարգով: Իսկ եթե խնդիրն այսօր հասարակական կարծիքի վրա ազդելն է, ապա քաղաքացիների մեծամասնությունն առանց այդ էլ համոզված է, որ դիվանագետներն ու գեներալները «խեղճ Նիկոլին» խաբել են, դավաճանել են և պետք է դրա համար պատժվեն: Հավելյալ քարոզչական ջանքեր դրա համար պետք չի թափել: Իսկ ե՞րբ է պարտության մասին ասվելու ճշմարտությունը: Միայն այն ժամանակ, երբ տարբեր ճամբարների այսօրվա դերակատարները հեռանան ասպարեզից: Իմ հաշվարկներով, 20-30 տարի հետո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: