չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապի ձևավորման մասին

Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապի ձևավորման մասին

Հայաստանը չի խուսափում և չի խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին պայմանավորվածությանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ ձևավորվում, ընդ որում՝ դա արվում է միջազգային միջնորդությամբ:

«Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում, և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:

Նա նաև ասաց. «Նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում, ու դա, մի տեսակ, իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով արդյունավետ կլինի», - ասաց վարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ, Եվրամիությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:

 

 

  • Կիսվել: