երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նրանք գրում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց ում վիճակվել է տուն վերադառնալ, պատմում են մշտական ծեծի մասին. BBC-ի հոդվածը հայ գերիների վերաբերյալ

Նրանք գրում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց ում վիճակվել է տուն վերադառնալ, պատմում են մշտական ծեծի մասին. BBC-ի հոդվածը հայ գերիների վերաբերյալ

BBC-ն հոդված է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին, որոնք պահվում են Բաքվում, և որոնց ստույգ քանակը հայտնի չէ։

Հոդվածում նշված է. ՛՛Նրանք գրում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց ում վիճակվել է տուն վերադառնալ, պատմում են մշտական ծեծի և դաժան վերաբերմունքի մասին՛՛:

Մեջբերվում են նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքերն այն մասին, որ նա ասում է, որ իր անձնական հաշվարկներով՝ հայ գերիների թիվն Ադրբեջանոմ հասնում է 300-ի։

BBC-ն նշում է, որ, ըստ երկու կողմի աղբյուրների, ՀՀ-ում ադրբեջանցի գերիների չկան:

Հոդվածում պատմվում է այն մասին, որ տուն վերադարձած գերիներից մեկը, լայն ժպիտով նիհար տղան՝ Հակոբ Հովհաննիսյանը, միանգամից խնդրում է իր իսկական անունը չհրապարակել։ Նա ասում է, որ գերությունից հնարավոր չէ ինչ-որ բան փոխանցել՝ իրենց ասել են, որ եթե ավելորդ բան լինի, նամակը չի հասնի։

Նա  ասել է. ՛՛Նամակները սկզբից ադրբեջանցի պաշտոնյաներն են կարդում, իսկ նրանց թվում կան հայերենին լավ տիրապետող անձինք, հետո փոխանցում Կարմիր խաչին։ Ուստի փորձում ես միայն գրել, որ ամեն ինչ լավ է և որ տուն ես վերադառնալու։ Ես էլ եմ այդպես գրել՛՛։

Տղան պատմում է, որ շրջափակման մեջ է հայտնվել 2020-ի հոկտեմբերի 2-ին Մատաղիսի շրջանում։ Շրջափակումից դուրս գալ նրանց չի հաջողվել. 20 օր անց նրանց գերեվարել են։

Նա հավելել է. ՛՛Մենք վստահ էինք, որ մեզ կշարեն և կսպանեն։ Այդ դեպքի համար մենք մեկական նռնակ ունեինք՝ մեզ պայթեցնելու համար։ Բայց չկարողացանք հերոսաբար զոհվել։ Երբ մեզ գերեվարեցին, մենք նույնիսկ զարմացանք, որ մեզ հետ ոչինչ չարեցին։ Նույնիսկ ջուր տվեցին և ծխախոտ։ Բայց երբ մեզ Բաքու բերեցին, մեքենայից դուրս գալիս անմիջապես սկսեցին ծեծել՛՛:

Նշվում է նաև, որ բանտախցում իրեն Հակոբ անվանած գերուն ձեռնաշղթաներով գամել են ջեռուցման համակարգին։ ՛՛Ծեծը շարունակվում էր չորս օր՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ, կարծես ժամով։ Նույնիսկ արտաքնոց գնալու հնարավորություն չկար։ Ես երեք օր չեմ կերել և չեմ խմել, այնպես էր, դրա կարիքն էլ չունեի՛՛,-ասել է նա։

հոդվածում ասվում է, որ Հակոբը պատմել է իր պատմությունը հանգիստ, համեստ ժպիտով, միայն ձեռքերն է պարբերաբար սեղմում։

՛՛Գիտեմ՝ տարօրինակ է, բայց ես այնտեղ էլ էի անընդհատ ժպտում, նույնիսկ երբ ինձ ծեծում էին։ Եթե խորանայի և իսկապես գիտակցեի, թե որտեղ եմ, կարող էի այնտեղ էլ մնայի։ Բանտախցում մենք 6 հոգի էինք և բոլորս էլ ժպտում էինք։ Այնտեղ ես ուժեղ էի, քանի որ հուսով էի տուն եմ վերադառնալու և տեսնելու ընտանիքիս։ Մենք անընդհատ իրար ասում էինք, որ կդիմանանք՛՛,-ասել է նա։

Ինչպես նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը՝ ռազմագերիների հանդեպ դաժանությունն ու ստորացումն արդարացում չունեն։

 

  • Կիսվել: