ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչու է աշխատանքից ազատվել «Օրսիս Արմս» ընկերության համահիմնադիր, գնդապետ Արթուր Գալստյանը

Ինչու է աշխատանքից ազատվել «Օրսիս Արմս» ընկերության համահիմնադիր, գնդապետ Արթուր Գալստյանը

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Infoport.am-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ Արթուր Գալստյանն «Օրսիս» ռուսական զինագործական ընկերության «Օրսիս Արմս» հայաստանյան ներկայացուցչության համահիմնադիրներից է: Նրա անունը շրջանառվում էր «Օրսիսի» և ՀՀ ԶՈւ մասնակցությամբ բազմաթիվ տենդերների իրականացման մեջ: Սակայն մամուլի ուշադրությունը գրավեց «Օրսիսի» մասնակցությամբ վերջին մրցույթը, որը չեղարկվել էր ՊՆ-ի կողմից:

Ռուսական ընկերությունն այդ ժամանակ մեղադրեց ՀՀ ՊՆ-ին մրցույթն անհիմն տապալելու մեջ և դիմեց դատարան: ՊՆ-ն էլ որպես փաստարկ բերեց այն հանգամանքը, որ ընկերությունը թերի է ներկայացրել մրցութային փաստաթղթերը:

Մինչդեռ Infoport.am-ին պաշտպանական ոլորտի իր աղբյուրները հայտնել էին, որ խնդիրը նրանում է, որ ռուսական ընկերությունը ռազմական ջերմատեսիլ սարքերի փոխարեն փորձել է հայկական կողմին մատակարարել դրանց որսորդական տարբերակները: Սակայն ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Infoport.am-ի հետ զրույցում հերքել էր այդ վարկածը՝  նշելով, որ սարքերը համապատասխանում են մրցույթի տեխնիկական չափանիշներին, որոնք, սակայն, ըստ կայքի աղբյուրների, մշակվել էին ԶՈՒ-ում աշխատող Գալստյանի մերձավորների կողմից:

Սակայն, ըստ Infoport.am-ի ունեցած տեղեկությունների, մամուլի այդ հրապարակումներից հետո ռուսական ընկերության և ՀՀ պաշտպանական գերատեսչության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այլևս չգնալ առճակատման և փորձել կոնսենսուսային տարբերակով հետայսու ևս համագործակցել: Թերևս այդ պայմանավորվածության արդյունք է եղել նաև Գալստյանի պաշտոնանկությունը։

Սակայն ինքը՝ Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում հերքել է այն վարկածը, ըստ որի իր պաշտոնանկությունը կապված է «Օրսիսի» ընկերության հետ:

Նշենք նաև, որ հայտնի սկանդալից մեկ ամիս առաջ Գալստյանը հրաժարվել է իր բաժնեմասերից «Օրսիս» ընկերությունում, և դրանք անցել են քաղաքացի Վերգինե Սարգսյանին, որը «Օրսիսի» հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանի կինն է:

Հիշեցնենք, սակայն, որ այս պատմության մեջ գնդապետ Գալստյանը միակ ներգրավված պաշտոնյան չէ։ Ավելի վաղ ռուսական ընկերությունը մեղադրել էր ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանին իրենց ներկայացուցիչի կողմից պաշտպանական գերատեսչությանը նվիրած իտալական թանկարժեք որսորդական հրացանը յուրացնելու մեջ և դիմել դատարան։ Ղամբարյանն էլ իր հերթին հայց էր ներկայացրել «Օրսիսի» հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ։

Այս կապակցությամբ InfoPort-ը գրել էր, որ որսորդական հրացանը միակ «նվերը» չէր Ղամբարյանին ռուսական ընկերության կողմից։ Ըստ կայքի աղբյուրի, ռուսական ընկերության ներկայացուցիչը հրացանի հետ մեկտեղ Մակարյանի հետ հանդիպմանը բերել էր վեց հազար դոլարանոց վիսկի, որը նրանք խմել էին «համատեղ ջանքերով»։ Աղբյուրի փոխանցմամբ վիսկին Ղամբարյանի կողմից տենդեռին «բարեհամբյուր վերաբերմունքի» առհավատչյան պետք է լիներ։

Ինչ կլինի այս պատմությունից հետո Ղամբարյանի ճակատագիրը, արդյոք նա կհետևի Գալստյանի օրինակին, թե «հայ-ռւսական հաշտությունից» հետո կմնա և կպաշտոնավարի կտեղեկացնենք մեր հաջորդ անրադարձներում։            

 

  • Կիսվել: