ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով, գրում է fip.am-ը:

«Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կադրեր: Դիերի մեծ մասը ծածկված է պոլիէթիլենային տոպրակներով: Զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»,- տեսանյութին կից գրառումը տարածել էին ինչպես որոշ լրատվականներ, այնպես էլ ֆեյսբուքյան խմբեր և տելեգրամյան ալիքներ։ 

Միայն ֆեյսբուքյան տիրույթում տարբեր էջերում հրապարակված այդ նյութը ապրիլի 8-ի դրությամբ տարածվել էր 600-ից ավել անգամ, որից միայն exclusive.am-ի հրապարակումը՝ 500 անգամ։

Պարզաբանումներ ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի հետ։ Վերջինս մեզ հայտնեց, որ տեսանյութը հին է, այդ դիերը հայկական կողմին են հանձնվել փետրվարի 16-ին, երբ ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

«Այդ կողմերում հենց էդ հատվածում շատ անգամ ենք եղել, և այնտեղ դիակներ չկան։ Նախապես հուղարկավորված են եղել, հետո հանել են, տվել են մեզ։ Այդ դիակներն արդեն ստեղ են փոխանցված»,- նշեց ԱԻՊԾ ներկայացուցիչը։

Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ պատկերված բեռնատարը ոչ թե Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում է, այլ Հադրութի շրջանի Մեծ Թաղերից Զարդանաշեն գյուղ ընկած անտառային ճանապարհին։ 

«Հիմա այդ ճանապարհը համարյա թե ասֆալտ է, իրենք կառուցում են դեպի Շուշի ճանապարհ այդ հատվածով»,- հայտնեց Թադևոսյանը։  

Ուսումնասիրելով Google Earth-ից արբանյակային վերջին լուսանկարները՝ նկատում ենք, որ եթե 2020 թ. հոկտեմբերի 17-ին արված լուսանկարում նշված ճանապարհը դեռևս անտառածածկ է և դժվար է նշմարվում, ապա փետրվարի 15-ին արված լուսանկարում հստակ երևում է, որ ճանապարհը լայնացվել է և կառուցվում է։ Սա ևս հիմք է պնդելու, որ տեսանյութը նոր չէ և արվել է առնվազն մինչև փետրվար ամիսը։   

Մեծ Թաղեր-Զարդանաշեն լեռնային ճանապարհը Google Earth-ից։ Ձախ կողմի նկարը արվել է փետրվարի 15, աջ կողմինը 2020-ի հոկտեմբերի 17-ին։

  • Կիսվել: