ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին

Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների, գրում է 1in.am-ը: Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։

– Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը:

– Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց:

– Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ  հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին…

– Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում:

Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես  հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն:

– Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ:

– Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ:  Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին:

– Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները:

– Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են: Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները:

– Իսկ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով բարեփոխումներ Զինված ուժերում այնուհանդերձ արվո՞ւմ են:

– Շփման գիծն ամբողջ հակամարտության ընթացքում եղել է ու մնում է կենդանի օրգանիզմ, և փոփոխությունների է ենթարկվում ամեն օր՝ հենակետերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներից, կահավորումից, մինչև ամենատարբեր զինատեսակների և ռազմական տեխնիկայի ձեռքբերում: Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ տեսադիտարկման համակարգերով հենակետերը հագեցնելը: Այս համակարգերը և այլ տեխնոլոգիաներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն, իհարկե գալիս են օգնելու զինվորին, բայց ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի փոխարինում մարդուն. մեր զինվորը, ինչպես առաջ, այժմ էլ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, և մենք ամենն անում ենք ու անելու ենք նրա ծառայությունն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար, անկախ նրանից այդ մասին հրապարակումներ կան, թե ոչ:

– Հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը:

– Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ…Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, կառաջարկեմ իրենց որոշակի շահերը բավարարելու համար չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին:Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային: ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար: Այդ «խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» էլ ուզում եմ առաջարկել, որ եթե այդքան մտածում են մեր հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության:

–  Երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Ձեր այս մոտեցումը:

– Բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին: Ապացույցը՝  վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած բարեփոխումներն են՝ սկսած սպառազինության գնումներից մինչև տարիներ շարունակ չլուծված սոցիալական խնդիրների կարգավորում:

Սպառազինության համար միջոցներ այս պահին էլ հատկացված են, գործընթացն ընթացքի մեջև վերահսկվում է երկրի ղեկավարության կողմից: Նույն բանը կարող եմ ասել հասարակության վերաբերմունքի առումով. բազմաթիվ են այն ծրագրերը, որ մեր հայրենակիցները զուտ բարի կամոք, իրենց նախաձեռնողականությամբ իրականացնում են Զինված ուժերում: Այնպես որ՝ բանակն ամուր է իր թիկունքով:

– Պարզապես հաճախ գեներալների անուններ են շրջանառվում կոռուպցիոն գործընթացներում, և դա կոտրում է մարդկանց:

– Ցավոք հասարակության մեջ արատավոր մոտեցում կա, որ եթե գեներալ է, ապա ներքաշված է ինչ-ինչ ոչ օրինական գործողությունների մեջ: Այդպես չէ: Մեր բոլոր գեներալները՝ որպես կանոն, եղել են մարտական գործողությունների մասնակից, փառապանծ ուղի են անցել, 20-30 տարվա ծառայության փորձ ունեն, ազնվորեն և հպարտորեն կատարել և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, և նրանց աշխատանքը շատ դեպքում տեսանելի չէ:

Նույնը կարող եմ ասել նաև սպայական կազմի մասին: Ինչքան էլ փառաբանենք զինվորին, եկեք չմոռանանք, որ հրամանատարի ուսերին է պատասխանատվության հսկայական չափաբաժինը, և եթե չունենանք լավ պատրաստված, հասարակության մեջ հեղինակություն և վստահություն վայելող սպայակազմ,տանուլ կտանք: Վերադառնալով գեներալների թեմային՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց եթե կան մարդիկ, որ, կրելով գեներալի ուսադիրներ, հանցագործություն են կատարել, չպետք է այդ արատավոր երևույթն ընդհանրացնել և բոլոր գեներալների վրա տարածել. հանցանք գործողը մարդն է՝ կոնկրետ անուն-ազգանունով, ոչ թե գեներալ կոչումը: Ընդհանրացումը ոչ մեկիս պատիվ չի բերում, փոխարենն արժեզրկում է այն ազնիվ, նվիրյալ մարդկանց գործունեությունը, ովքեր ոչինչ չեն խնայել հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության:

– Պարո´ն գեներալ-լեյտենանտ, ձեր որդու անունն էլ է հաճախ շահարկվում, որ, ելնելով Ձեր պաշտոնից, նրան «էլիտար» զորամասում ծառայելու հնարավորություն է տրվել:

– Որդիս շուտով կզորացրվի, և ես կբարձրաձայնեմ, թե որտեղ և ինչ պայմաններում է  նա ծառայել:Ճիշտ է, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ բարձր պաշտոնատար անձանց զավակների ծառայությունը կազմակերպվում է առանձնահատուկ պայմաններում, քանի որ նրանք, պետության շահերից ելնելով, ավելի պաշտպանված պետք է լինեն, բայց բոլոր նրանց, ովքեր պարբերաբար շահարկում են այս թեման, կառաջարկեմ գոնե մեկ ամիս ծառայել նույն սոտորաբաժանումում, որտեղ որդիս է այժմ ծառայում և գնահատել՝ որքանով է դա «էլիտար» ծառայություն: Թե պատրաստ են, թող հերթագրվեն:

– Պարո´ն Դավթյան, և իհարկե հասարակությանն այսօր մտահոգող ամենաարդիական թեմային՝ համավարակին անդրադառնանք: Ի՞նչ վիճակ է Զինված ուժերում այդ առումով:

– Զինված ուժերում, բարեբախտաբար կորոնավիրուսը լայն տարածում չունի: Մենք ժամանակին և բավականին լայնածավալ, արդյունավետ միջոցառումներ իրականացրեցինք դրա դեմն առնելու համար: Այսօր արձանագրում ենք, որ բռնկում բանակում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր ևս գրեթե չունենք: Իհարկե սա նաև մեծապես կախված է մեր բժիշկների աշխատանքից, փառք ու պատիվ նրանց: Վստահեցնում եմ՝ այս համավարակը չի կարող ազդել Զինված ուժերի մարտունակության վրա: Լրացուցիչ աշխատանք ենք իրականացնում ժամկետային զինծառայողների հետ, որոնց արձակուրդի հնարավորությունը բնականաբար սահամանփակվել է. կազմակերպում ենք հեռախոսային զրույցներ հարազատների հետ, ժամանցային, սպորտային միջոցառումներն ենք ավելավցրել:Եվ այս սկզբունքը գործում է բոլորի համար, բացառություններ լինում են միայն դժբախտ դեպքերի պարագայում, երբ կարճաժամկետ արձակուրդ ենք տալիս՝ խիստ վերահսկողությամբ:

– Զորակոչի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը համավարակի պայմաններում:

– ԶՈւ-ն պատրաստ է իրականացնել զորակոչ և զորացրում՝ նախատեսելով համապատասխան միջոցառումներ: Ամեն ինչ մտածված է և պլանավորված. արվելու է առավելագույնը խնդիրներից խուսափելու համար: Անհրաժեշտության դեպքում նորակոչիկները թեստավորվելու են, մեկուսացվելու են որոշ ժամանակով, նախատեսված են նաև այլ ընթացակարգեր: Մտահոգվելու առիթ մեր հայրենակիցներն այս առումով չունեն:

– Տեղյակ ենք նաև, որ պայմանագրային զինծառայության անցնելու շատ հայտեր կան, համավարակն այս առումով չի՞ խանգարում. ամեն դեպքում այժմ բանակում շատ սահմանափակումներ են գործում:

– Այո, պայմանագրային ծառայության համար դիմողների մեծ հոսք կա, և ինչ-որ պահի իսկապես համավարակն ու սահմանափակումները խնդիրներ առաջացրին, բայց լուծումներ գտնվեցին, և ընթացակարգերն այժմ հեշտացված են: Ամեն ինչ կանոնակարգված է, գործընթացը բնականոն հունի մեջ է:

– Պարո´ն գեներալ-լեյտենանտ, շնորհակալություն հարցազրույցի և մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար:

– Ես էլ եմ շնորհակալ: Մեր քաղաքացիներին մաղթում եմ առողջություն և հորդորում եմ հետևել անվտանգության կանոններին, հիշել, որ սահմանն անխոցելի պահող զինծառայողներն ամուր կանգնած են, որ իրենք ունենան խաղաղ ու բարեկեցիկ կյանք: Գնահատեք այդ խաղաղությունն ու այն պահողներին: Զինծառայողներին էլ ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ զգոնությունը կորցնել չի կարելի և ոչ մի րոպե, ամուր եղեք:

 

  • Կիսվել: