ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է, մենք դեմ ենք, որ ծառայությունից ազատումը վերաբերի ոչ մարտական իրավիճակներում զոհվածներին․ Արման Սարգսյան

Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է, մենք դեմ ենք, որ ծառայությունից ազատումը վերաբերի ոչ մարտական իրավիճակներում զոհվածներին․ Արման Սարգսյան

Ազգային ժողովը քննարկում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել պատերազմի ժամանակ, ՀՀ պաշտպանության ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։

Հայկ Սարգսյանը հիմնավորեց, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ծանր հոգեբանական-սոցիալական վիճակում են և չեն ցանկանում, որ կրտսեր որդիները ևս գնան պարտադիր զինծառայության։

«ՊՆ-ն առաջարկել է տարբերակել ծառայության ընթացքում մահացած և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին՝ օրենքը տարածելով միայն պաշտպանության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամների վրա։ Ես համաձայնել եմ, քանի որ հետապնդած նպատակն է մեղմել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը և զորակցել բարոյապես»,- ասաց Սարգսյանը։

Հարցի հարակից զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ելույթում շեշտեց․ «Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է նման փոփոխությանը, մենք մեր առարկությունն ենք ներկայացնելու, որովհետև  սկզբունքն է խախտվում։ Անգամ, եթե թիվը քիչ է, օրենքի տրամաբանությունը վերաբերում է միակ արու զավակ լինելուն։ Փոփոխությունը միտված է ընտանիքների վիշտը մեղմելուն։ Այդ տրամաբանությամբ՝ դեմ ենք լինելու, որ օրենքը վերաբերի ոչ մարտական գործողությունների կամ պաշտպանության ընթացքում զոհվածներին»։

  • Կիսվել: