ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցի գեներալը սպանվել է Հայաստանում արտադրված ԱԹՍ-ի միջոցով. ՊՆ փորձագետ

Ադրբեջանցի գեներալը սպանվել է Հայաստանում արտադրված ԱԹՍ-ի միջոցով. ՊՆ փորձագետ

Հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմի առավելությունը ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը պայմանավորում է պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի միջև փոխհամաձայնեցված գործողություններով։

«Պաշտպանության նախարարն ու ներկայիս գործող շտաբի պետը համահունչ են գործում և շատ լավ է, որ միանման են մտածում։ Դիրքերի բարելավում, բնականաբար, բոլոր ժամականերում տեղի է ունեցել, ուղղակի հիմա շեշտադրումն է փոխվել՝ մենք պետք է նախահարձակ լինենք և ոչ թե սպասենք, որ հակառակորդը քայլեր ձեռնարկի ու մենք մտածենք՝ ոնց ենք պատասխանը տալու», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցածին, որի արդյունքում ադրբեջանական կողմը պարզել էր, որ ռազմավարական նշանակության դիրքը այլևս իրենց վերահսկողության տակ չէ, Գրիգորյանն ասաց, որ այդ դիրքը փաստացի գտնվում է Հայաստանի պետական սահմանում։

«Այնպես չէ, որ հարձակողական գործողություններ ենք արել ու ագրեսորի կարգավիճակում ենք։ Մենք մեր տարածքում մեր դիրքերի բարելավում ենք կատարել և կապ չունի, որ նախկինում իրենք են զբաղեցրած եղել», -հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, հայկական Զինված ուժերը վերջին ժամանակներում սպառազինության համալրումներ են ունեցել, որոնք և ռազմավարական և մարտավարական նշանակության են։

Հարցին, թե ինչ տեսակի զենք է գործի դրվել հայկական կողմից, Գրիգորյանը պատասխանեց․ «Հստակ չեմ նշի, բայց փաստերը խոսուն են՝ տեսնումե նք տեսանյութերից՝ հրետանին է գործել, նույնիսկ մեր հարվածային ԱԹՍ-ները շատ լավ գործ են կատարել»։

Ամեն դեպքում փորձագետը շեշտեց, որ Տավուշյան մարտերի ժամանակ առաջին անգամ ռազմական մկրտություն ստացան հայկական արտադրության ԱԹՍ-երը. «Եվ պետք է նշեմ շատ հաջող մկրտություն` համենայն դեպս, ըստ հավաստի տվյալների, ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը սպանվել է հենց հայկական ԱԹՍ-ի հարվածից»: 

Հայկական կողմը, Գրիգորյանի խոսքով, մեկ այլ առավելություն էլ ունի՝ ժողովրդը խուճապի մեջ չէ, ինչպես Ադրբեջանում և շատ ամուր է կանգնած իր հողին։ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում իշխանությունները փակում են ճանապարհները խուճապահար մարդկանց առաջ, թույլ չեն տալիս դուրս գան իրենց գյուղերից։ Իսկ Հայաստանում նման խնդիր չկա», - հավելեց Գրիգորյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: