երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թավրիզում լույս է տեսել Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանի «Ուղևորություն Ատրպատականի հայոց թեմում հայկական հուշարձանների հետքերով» մատենաշարի Բ հատորը

Թավրիզում լույս է տեսել Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանի «Ուղևորություն Ատրպատականի հայոց թեմում հայկական հուշարձանների հետքերով» մատենաշարի Բ հատորը

Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գյուղերի եւ դրանցում գտնվող հայկական հուշարձանների պատմության եւ ներկա իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրությունը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թվին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը հրատարակել էր սույն նյութին նվիրված իր Ա հատորը, գրում է parstoday.com-ը:

Այն ընդգրկում է Թավրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակա գյուղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմությունը, առաջին գիրքը լինելով սույն վերնագրով եռահատոր մատենաշարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սույն մատենաշարի Բ հատորը 2021 թվին լույս տեսավ Թավրիզում՝ մեկենասությամբ ազգային բարերար տեր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանյանների, որը հեղինակը ամբողջությամբ հատկացրել է Ղարադաղի վեց գավառակների հայկական գուղերի ուսումնասիրությանը: Այնպես ինչպես գրքի առաջաբանում ասում է Սրբազան Հայրը, հեշտ չի եղել սույն ուղեւորութունը դեպի Ղարադաղ՝ ներկայի Քալէյբար եւ Արասբարան շրջանը: Գյուղերի մեծ մասը հարթ ճանապարհ չի ունեցել, իսկ ոմանք ամբողջությամբ անանցանելի ճանապարհներ ունենալով, ստիպողաբար օգտվել են չորքոտանի փոխադրամիջոցներից:

Բ հատորը, որը բաղկացած է 620 որակեալ էջերից, ներառում է Ղարադաղի նախկին հայկական 82 գուղերի պատմութունը, որոնք գիտական ուսումնասիրութունից բացի, սույն գյուղերին Սրբազան Հոր կողմից տրված այցելությամբ եւ ներկա տեղացի թուրք գուղացիների հետ զրույցներով՝ բանավոր աղբյուրների օգտագործմամբ, նոր լույս է սփռում տարածաշրջանում ապրած հայոց անցեալի պատմության վրայ:

Ղարադաղի վեց գավառակները՝ Քէյվան, Մեշափարա, Մնջեւան, Հասանով Դզմար եւ Արաքսպար այցելելով, անցեալ հինգ տարիների ընթացքին Սրբազան Հայրը տեղագրել եւ ուսումնասիրել է սույն գավառակներում գտնվող բոլոր հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ սույն գյուղերի հայ բնակիչներից մնացած տների եւ այլ հիշատակների հետքերը, նույնիսկ դրանց ավերակներում վերապրած վերջին քարը:

Սոյն Բ հատորը, ինչպես նախորդը, նույնպես ճոխացված է գունավոր բարձրորակ լուսանկարներով, որոնք կենդանի պատկեր են հաղորդում ուղեւորությունների ընթացքի մասին: Հատորի էջերում ներկայացվել եւ ուսումնասիրվել են նաեւ այն ձեռագրերն ու կիրառական արվեստի նմուշները, որոնք սույն գյուղերում են գրվել կամ ստեղծվել, եւ որոնք այսօր գտնվում են թեմի կամ այլ երկրների մատենադարաններում եւ թանգարաններում: Գիտական սույն մատենաշարի գրքերի վերջում զետեղված են անձնանունների եւ տեղանունների ցանկերը, հեշտացնելով ուսումնասիրողների աշխատանքը:

Մատենաշարի բովանդակությունը մասնագիտական լինելով հանդերձ, լեզուն հանրամատչելի է եւ դյուրընթեռնելի, հատկապես ինքնախոս լուսանկարների հարակցությամբ: Ատրպատականում ապրած մեր նախնիներից ժառանգ մնացած մշակութային անգին հարստությանց վերանորոգությունը կամ բոլորի պահպանությունը իբրեւ շենք ու կառույց անհնարին լինելով, հատկապես հայաթափված շրջաններում, սույն գիրքը եւ ամբողջ մատենաշարը, հայ դպրության միջոցով դրանց պահպանումն է եւ Սրբազան Հոր կողմից կտակումը՝ հաջորդող սերունդներին:

 

  • Կիսվել: