երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Բելգորոդում լույս է տեսել V-VII դդ. եզակի աղբյուր «Աշարհացուցյի» ռուսերեն թարգմանությունը

Բելգորոդում լույս է տեսել V-VII դդ. եզակի աղբյուր «Աշարհացուցյի» ռուսերեն թարգմանությունը

Վերջապես իրականություն դարձավ պատմաբանների մի քանի սերունդների մեկ և կես դարի երազանքը:

1877թ. ռուսերենով առաջին անգամ տպագվել էր «Աշխարհացույցի» համառոտ տեքստը: Ընդարձակ տեքստը լույս տեսավ միայն այժմ:

Այս աշխատության տարբեր լեզուներով թարգմանության առկայությունը խիստ կարևոր է, քանի որ այստեղ նկարագրված են Եվրոպայի 12, Աֆիրկայի 8 և Ասիայի 38 երկրներ: Խոսքը վերաբերում է ինչպես V-VII դդ., այնպես էլ առավել վաղ ժամանակների աշխարհի քաղաքական քարտեզին: Այս եզակի աղբյուրի ռուսերեն թարգմանությունը երկար տարիներ սպասում էին, մասնավորապես, ռուսալեզու պատմաբանները, ինչն էլ շնորհիվ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանի դարձավ իրականություն: Եթե ժամանակային առումով «Աշխարհացույցն» ընդգրկում է Շումերից և Աքքադից մինչև վաղ միջնադար ընկած ժամանակարջանը, ապա տարածքի առումով՝  Իսպանիայից և Բրիտանիայից մինչև ներկայիս Չինասատան: Հարավում այն ձգվում է համարյա մինչև հասարակածային Աֆրիկա՝ հասնելով Եթովպիա:      

Թարգմանությունը կատարվել է վարպետորեն, ինչի մասին հատուկ նշել են նաև գրքի խմբագիրները և գրախոսները: «Աշխարհացույցը» աշխարհագրա-պատմական բնույթի աղբյուր է և իր բովանդակությամբ մոտ է Ստրաբոնի և Պտղոմեոսի, մասամբ Պլինիոս Ավագի  գործերին: Այստեղ տրված են վերոհիշյալ երեք մայրցամաքների աշխարհագրա-ֆիզիկական նկարագրերը (լեռնագրությունը և ջրագրությունը), օգտակար հանածոները, ֆլորան և ֆաունան, ուրբանիզացիան, որոշ դեպքերում նաև սահմանները, ժողովուրդների բարքերը և սովորույթները: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հին հայկական այս աղբյուրն ունեցել է երկու հեղինակներ՝ ի դեմս պատմիչ Մովսես Խորենացու և բնագետ Անանիա Շիրակացու, որոնք լրացրել են միմյանց: Թարգմանիչ պրոֆ. Հ. Հարությունյանը կազմել է նաև առաջաբան, ծանոթագրություններ և հավելվածներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: