երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Այսօր ժամանակի հրամայականն է մշակել ու ներդնել ԳԱԱ բարեփոխումների ծրագիրը․ ակադեմիայի նախագահն անդրադարձել է կարևոր խնդիրներին ու մարտահրավերներին

Այսօր ժամանակի հրամայականն է մշակել ու ներդնել ԳԱԱ բարեփոխումների ծրագիրը․ ակադեմիայի նախագահն անդրադարձել է կարևոր խնդիրներին ու մարտահրավերներին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի կարծիքով՝ Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պահպանել ակադեմիայի լավագույն ավանդույթները, զարգացնել նորերը՝ ի նպաստ հանրապետությունում գիտակրթական և գիտատեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության զարգացման և երկրի պաշտպանունակության հզորացման։

Ելույթ ունենալով ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, Սաղյանը հանգամանորեն ներկայացրեց ակադեմիայի ստեղծման գործընթացը, դրանում ներգրավված անվանի գործիչների ներդրումը, ակադեմիայի անցած երկարամյա ուղին ու ձեռքբերումները։ Նա անդրադարձավ նաև արդի խնդիրներին ու մարտահրավերներին։

«Ութսուն տարիների ընթացքում Հայաստանի գիտության բարձրագույն կենտրոնը դժվարին և բովանդակաշատ ուղի է անցել, մեծ գիտական նվաճումներ ձեռք բերել, արժանացել համաշխարհային ճանաչման։ Երկրի գիտական ներուժի պահպանումը, գիտության զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը, նոր կադրերի պատրաստումը ԳԱԱ գործունեության առաջնահերթ ուղղություններն են, և ութսունամյա կենսագրությունը ոչ միայն ակադեմիայի, այլև մեր երկրի պատմությունն է։ Այսօր էլ ակադեմիան հանդիսանում է կառավարության գլխավոր գիտական խորհրդատուն»,- ասաց ԳԱԱ նախագահը։

Սաղյանի դիտարկմամբ՝ անցած ութսուն տարիների ընթացքում ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության աշխատանքներ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում, որոնք հարստացրել են համաշխարհային գիտությունն ու ընդունվել միջազգային գիտական հանրության կողմից։ Այդ ձեռքբերումները հնարավորություն են տվել Հայաստանում հիմնադրել միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտացված դպրոցներ։

«Այսօր ժամանակի հրամայականն է մշակել ու ներդնել ԳԱԱ բարեփոխումների ծրագիրը, արդիականացնել համակարգի գործառույթները՝ դրանք համապատասխանեցնելով գիտության զարգացման ժամանակակից պահանջներին, վերափոխել համակարգում իրականացվող հետազոտությունների ուղղվածությունը՝ հիմնական ուշադրությունը բևեռելով հանրապետության տնտեսության կարիքներից բխող կիրառական աշխատանքներին, ակտիվացնել պետական կառավարման մարմիններին գիտամեթոդական և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը, ներդնել գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգ, գիտական կազմակերպությունների ղեկավար մարմիններում ներգրավել երիտասարդ գիտնականներին, զարգացնել միջազգային գիտական համագործակցությունը»,- ասաց ԳԱԱ նախագահը։

Սաղյանի խոսքով՝ թվարկվածներին ավելացել է աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը, ինչն ինքնին նոր խնդիրներ է առաջադրում գիտակրթական ողջ համակարգի համար։ Սաղյանի պնդմամբ՝ առաջացած հիմնահարցերի լուծման բանալին առաջին հերթին պետք է փնտրել ԳԱԱ բարեփոխումների մեջ։

«Այսօր անհրաժեշտ է օպտիմալացնել գիտահետազոտական ինստիտուտների ու գիտատեխնիկական կազմակերպությունների համակարգը և այդ հենքի վրա ստեղծել գիտատեխնոլոգիական և գիտաարտադրական գերազանցությամբ կենտրոններ՝ նախապատվությունը տալով Հայաստանի տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններին և երկրի պաշտպանունակությանը միտված աշխատություններին։ Անկախության տարիներին գիտության թերֆինանսավորումը բացասաբար է ազդել նրա զարգացման ընթացքի վրա, սակայն վերջին տարիներին պետական բյուջեից գիտությանն ուղղված զգալի հատկացումները հնարավորություն են տալիս բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձերը և արդիականացնել ենթակառուցվածքները, իրականացնել բազմաբնույթ դրամաշնորհային ծրագրեր»,- ասաց ԳԱԱ նախագահը։

Սաղյանի բնորոշմամբ՝ կարևոր խնդիր է նաև գիտության ոլորտի կադրային կազմի տարիքային կառուցվածքի փոփոխությունը։ Չնայած պետական տարբեր մակարդակներում ընդունված որոշումներին և ծրագրերին՝ երիտասարդ կադրերի համար գիտությունը դեռևս մնում է նվազ գայթակղիչ։ Շարունակվում է երիտասարդ գիտնականների արտահոսքը։ Ներկայումս ցածր է գիտական արդյունքների առևտրայնացման մակարդակը, գրեթե բացակայում են պետության կողմից պատվիրված հետազոտությունները։ Սրանք, թերևս, ԳԱԱ-ի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներն են։

«Չնայած առկա խնդիրներին՝ ակադեմիայում մշակվել և իրականացվել են մի շարք նոր նախաձեռնություններ։ 2022 թվականին կառույցի նախագահությունը հաստատել է գալիք չորս տարվա ռազմավարությունը, որով սահմանվել են համակարգի զարգացման նպատակակետերը, դրանց հասնելու միջոցառումներն ու դրանց իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցիչները։ Մշակվել է ակադեմիայի բարեփոխումների ծրագիրը, որը կյանքի կկոչվի գիտության և կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Անչափ կարևոր է նաև միջազգային համագործակցությունը։ Արդեն իսկ կնքվել են շատ կարևոր պայմանագրեր ավելի քան քառասուն երկրների ԳԱԱ-ների հետ, մշակվել են համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզներ։ Ստեղծվել են մշտական հիմունքներով գործող ութ մասնագիտական խորհուրդներ՝ տարբեր բնագավառներում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու, գիտամեթոդական, փորձագիտական վերլուծություններ կատարելու և պետական մարմիններին ու տնտեսության մասնավոր հատվածին խորհրդատվություններ տրամադրելու նպատակով»,- եզրափակեց ԳԱԱ նախագահը։  

  • Կիսվել: