հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս տարի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ»–ի մենահամերգով

Այս տարի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ»–ի մենահամերգով

Սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով օգոստոսի 22-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն առցանց հարթակում վայելելող հանդիսատեսը շատ էր կարոտել իրական մենահամերգի։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ և ոգի փոխանցել Տավուշի բնակիչներին։ «Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր՝ այդ թվում Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին ևս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և այլք։

«Այսօր Տավուշում անց է կացվում «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության երրորդ միջոցառումը: «Ֆրեսկոյի» շրջանակներում «Բերդ»-ի մենահամերգը Բերդում խորհրդանշական է, քանի որ սահմանամերձ գոտում բնակվողների ուժեղ լինելու համար կարևոր բաղադրիչներից մեկն էլ մշակույթն է: Այսօր հայ ժողովրդի սիրտը բաբախում է Տավուշում, և դա հերոսության, հայրենասիրության, պետականության և հաղթանակի մասին է խոսում։ Տավուշյան հուլիսյան ազատամարտը կերտեց նոր հերոսներ, և մենք մեր երախտագիտությունն ու խոնարհումը պետք է հայտնենք նրանց»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց օրհնության և ողջույնի խոսքը և հավելեց. «Տարիներ առաջ, երբ հիմնվում էր «Ֆրեսկո» փառատոնը մենք ցանկություն ունեինք, որ այն նաև ներկայացվի Տավուշ աշխարհում։ Ես չափազանց ուրախ եմ, որ այսօր այդ գաղափարը, առաքելությունը մարմին է առնում հենց Բերդ քաղաքում։ Տավուշցիների ձեռքերը երեք գործողություն ունեն կատարելու՝ աղոթք, աշխատանք և հայրենիքի պաշտպանություն»։

 

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ էր սպասել Բերդում «Բերդ»-ի մենահամերգին։ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը Տավուշի մենահամերգը համարեց իրենց համար առաքելություն։ «Մեկ այլ բան է պարել եվրոպական ցանկացած բեմում, իսկ այլ բան է, երբ դու պարում ես մի բեմում, որտեղ մեկ ամիս առաջ կրակոցներ են եղել, բայց ես կարծում եմ, որ հենց այսպիսի համերգներն են, որ պետք է շատ լինեն սահմանամերձ գոտում, որ բնակիչները կարողանան կրկին մասնիկը դառնալ հայոց հինավուրց արվեստի։ Ինչպես մենք ենք տարիներ շարունակ մաքուր և անառիկ պահել մեր մշակույթը, այնպես էլ անառիկ է միշտ մնում Բերդը և Տավուշը»,- ասաց Կարեն Գևորգյանը։

Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում ներառված են ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:  

  • Կիսվել: