կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ախալքալաքում նշվել է Տյառնընդառաջը (լուսանկարներ)

Ախալքալաքում նշվել է Տյառնընդառաջը (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 13-ին, Ջավախքի բոլոր եկեղեցիներում և գյուղերում, մասնավորապես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում առանձնակի շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնը, ինչպես նաև կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Եկեղեցու բակում խարույկ վառվեց և երիտասարդ զույգերը ցատկեցին խարույկի վրայից, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հանդիսավորությմաբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանի վառվեց խարույկ։

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Այս տոնի ամենասիրելի պահը խարույկի վրայով ցատկելն է: Նորապսակները, ձեռք ձեռքի բռնած, ցատկում են կրակի վրայով՝ պահելով երազանք:

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն՝ ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Այս տարվա եկեղեցու Խաչ քավոր Արթուր Պետրոսյանը նվերներ հանձնենց նորապսակ զույգերին։

  • Կիսվել: