Վերագործարկվել են Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումները
Սեպտեմբերի 12-ից վերագործարկվել են Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ գործող ուղևորափոխադրումները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայանի շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանն ասել է, որ առայժմ մեկական երկութուղի է գործում Ստեփանակերտ-Գորիս և Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհներին:
«Հիմնական պատճառը պայմանավորված է ուղևորահոսքի կրճատմամբ: Նշեմ, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցները նախապես ախտահանվում են: Սահմանային անցակետերում էլ բոլոր ուղևորներին պարտադիր ջերմաչափում են և գրանցում նրանց տվյալները»,- հայտնել է Շ. Գասպարյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ դեպի Երևան ուղևորափոխադրումներն են վերսկսել նաև շրջանային երթուղիները: Ինչ վերաբերում է միջպետական մնացած երթուղիներին, նա նշել է, որ առայժմ միայն վերագործարկվել է Ստեփանակերտ-Հրազդան երթուղին. առաջիկա օրերին կվերականգնվի նաև մյուսների աշխատանքը:
Ի դեպ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Շուշի-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ գործող երթուղին կես ժամանոց պարբերականության փոխարեն աշխատում էր ժամը մեկ: Այսուհետ առավոտյան մինչև ժամը 9:00-ն և երեկոյան ժամը 18:00-ից հետո երթուղին կրկին կգործի կես ժամը մեկ, իսկ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում ժամը մեկ հաճախականությամբ: