շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղուհասում մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Վաղուհասում մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները

ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կարդա ու խաղա Վաղուհասում» նախագծի հեղինակ, Վաղուհասի դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանը:

«Խաղահրապարակի կառուցման համար reArmenia  համագործակցության և դրամահավաքի հարթակում «Կարդա և խաղա Վաղուհասում» նախագծի շրջանակներում դրամահավաք ենք սկսել: Եթե մեզ միանա 4000 մարդ՝ 2000-ական դրամ ներդնելով, ապա մենք կունենանք մեր խաղահրապարակը:

Համայն հայության շնորհիվ գումարի 60%-ը հավաքվել է: Այն տարածքը, որը տրամադրել է մեզ համայնքի ղեկավար Հովհաննես Պետրոսյանը, անցած տարի հարթեցվել էր: Աշակերտների հետ տարածքի հարցը քննարկելուց հետո դիմեցինք համայնքի ղեկավարին: Մենք մեր գաղափարը ներկայացրինք նրան, վերջինս էլ ասաց, որ վաղուց այդպիսի միտք ուներ ու որոշակի աշխատանք այդ տարածքում արդեն կատարվել է, կարող է հենց այդ տարածքն էլ մեզ տրամադրել: Դա եղել է մինչև պատերազմը՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Իսկ կառուցապատման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից: Ներկա դրությամբ կատարվում է տարածքի մաքրում և հարթեցում», - նշեց Ն. Բալայանը: Մեր զրուցակցի խոսքով՝ Վաղուհասում չկան խաղահրապարակ, մանկական կենտրոն կամ այլ վայրեր, որտեղ երեխաները կարող են միասին անցկացնել իրենց ազատ ժամանակը։

«Նման միջավայրի առկայության դեպքում երեխաները կբարելավեն իրենց հաղորդակցման հմտությունները, կքայլեն և կխաղան մաքուր օդում: Այստեղ խաղալը նաև կնպաստի երեխաների մոտ ստեղծագործական երևակայության, շարժունակության, մտավոր ու ֆիզիկական զարգացմանը։ Երեխաները, դուրս գալով խաղահրապարակ, դուրս կգան վիրտուալ աշխարհից, կկտրվեն բջջային հեռախոսներից։ Համայնքի 230 երեխաները կունենան մի միջավայր, որտեղ նրանց առօրյան կդառնա հետաքրքիր ու իմաստալից», - հավելեց Ն. Բալայանը:

  • Կիսվել: