հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախը շարունակում է ապրել․ Խնածախը նոր խաղահրապարակ ունի

Արցախը շարունակում է ապրել․ Խնածախը նոր խաղահրապարակ ունի

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի բակում խաղահրապարակի հանդիսավոր բացման արարողություն էր: Վերջապես Խնածախը խաղահրապարակ ունի: Գեղեցիկ այս գաղափարը իրականություն է դարձել ռուսաստանաբնակ Յակով Պետրոսյանի, Գայանե Դավթյանի, Իննա Ավանեսյանի նախաձեռնությամբ և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայության միջոցներով: Խաղահրապարակի կառուցմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Երեխաները աղ ու հացով դիմավորեցին իրենց երազանքն իրականություն դարձրած, <<Բարի Արցախ>> խմբի անդամ Յակով Պետրոսյանին, որն ընտանիքով այս օրերին գտնվում էր Արցախում: Դպրոցականների երջանկությունից շողացող դեմքերը վկայում են, որ արցախցի մանուկը հաստատակամ է կանգնած մայր հողի վրա, և ոչ մի շրջափակում չի կարող խոչընդոտել նրա առօրյան:

Խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Լևոն Ծատրյանը, համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը, խնածախցիներ:

Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը տրվեց Յակով Պետրոսյանին և համայնքի ղեկավարին:
Մհեր Նիկողոսյանը, ողջունելով ներկաներին, բնակչության անունից շնորհակալություն հայտնեց հաճելի նախաձեռնության և խնածախցի մանուկներին այսպիսի խանդավառություն պարգևելու համար:

-<<Բարի Արցախ>> խմբի և շրջվարչակազմի շնորհիվ մեր երեխաներն ունեցան խաղահրապարակ: Տեսնելով նրանց ուրախ դեմքերը՝ ինքներս պարուրվում ենք ջերմությամբ, լցվում լավատեսությամբ:

Դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը ևս շնորհակալ էր.

-Մեր երեխաների զրնգուն ծիծաղը ուժ և եռանդ է տալիս բոլորիս: Վերջին օրերի իրադարձությունները, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ավելի է կրկնապատկել հարազատ հողում ապրելու մեր վճռականությունը: Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում բարերարներին, Արցախ աշխարհին մաղթում խաղաղություն, իսկ մեր փոքրիկներին՝ անհոգ ու խաղաղ մանկություն: Յակով Պետրոսյանը, որն արմատներով իմ համագյուղացին է, բարեգործությամբ զբաղվում է նաև իր նախնիների կանչով: Նրա երակներով հոսում է իր տատ ու պապի արյունը, հիշում եմ՝ ինչքան հայրենասեր էին այդ մարդիկ: Համոզված եմ՝ նրա ու մյուս մեր հայրենակիցների բարեգործությունները շարունակական են լինելու,-ասաց դպրոցի տնօրենը:
Հուզմունքով էր խոսում Յակով Պետրոսյանի կինը՝ Մարիաննան.

-Հպարտ և ուրախ եմ, որ գտնվում եմ արցախյան այս սուրբ հողի վրա, որը շաղախված է մեր հերոսների արյամբ: Ես խոնարհվում եմ նահատակվածների հիշատակի առաջ:
Մեր բարեգործական խումբը 5-րդ խաղահրապարկն է բացում Արցախում, դա խոսում է այն մասին, որ, գտնվելով հայրենիքից շատ հեռու, մենք ապրում ենք նրա դարդ ու ցավերով և աշխատում ենք անել հնարավորը, որ արցախցի մանուկն իրեն լավ զգա:

Արցախը կանգուն է ձեզանով, և թող ամբողջ աշխարհն իմանա, որ այստեղ է ապրում ամենաուժեղ, հայրենասեր ու վճռական ժողովուրդը, որին ոչինչ չի կարող կոտրել: Մեր խմբի բոլոր անդամների անունից շնորհավորում եմ այս հիշարժան օրվա կապակցությամբ և երեխաներին մաղթում խաղաղ երկինք:

Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացան գեղեցիկ պարով և հայրենասիրությամբ տոգորված ելույթներով:

Իրականացել է նրանց երազանքը, և թող թշնամին տեսնի, որ արցախցին կարմիր ժապավեն է կտրում և լցվում ապագայի հանդեպ մեծ հույսով: Երեխաները շնորհակալ էին բարերարներին, որոնց շնորհիվ այս ցուրտ ձմռանը ջերմություն ստացան:

Այո, թող ամբողջ աշխարհն իմանա, որ այսօր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում դարեր ի վեր ապրել է հայը, ստեղծել, արարել է և կշարունակի ապրել այս սրբացած հողում՝ ամեն գնով պաշտպանելով այն:

  • Կիսվել: