Այդ օրն էլ է կրակոց եղել․ Պապոյանը՝ Խնածախում անցկացրած գիշերվա մասին (տեսանյութ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին Վրաստանի փոխվարչապետի հետ է հանդիպելու։ Այս մասին Factor.am-ին հայտնել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակը։
Հիշեցնենք՝ նման ահազանգով երեկ Factor.am-ին էին դիմել արտահանող ընկերությունների վարորդները։
«Իմ և Վրաստանի փոխվարչապետի հանդիպման օրակարգային հարցերի թվում նաև դա է, աշխատանքային քննարկում ենք ունենալու։ Այն ինչի մասին բողոքում են տնտեսվարողները, նախկինում նման բան չի եղել, դրա համար մենք հիմա աշխատում ենք հասկանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ խնդիրները հնարավոր է լուծել աշխատանքային քննարկումների շրջանակներում։
Ի դեպ, Գևորգ Պապոյանը մի քանի օր առաջ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ գիշերել էր Սյունիքի Խնածախ գյուղում։ Այս գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը մեկ ամսից ավելի է՝ պարբերաբար կրակում է։ Նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է արձանագրել սահմանամերձ գյուղում։
«Անկանոն կրակոցներ ամեն օր լինում էին, այդ օրն էլ է եղել, անկանոն, ոչ թիրախային, հաճախ նաև՝ օդ»,-ասաց Պապոյանը։