ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վաղուհասում տասնմեկ տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքի ղեկավար

Վաղուհասում տասնմեկ տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքը շատ հին պատմություն ունի. դրա վկայությունը գյուղի տարածքում գտնվող 7-րդ դարի տապանաքարն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վաղուհաս համայնքի ղեկավար Հովհաննես Պետրոսյանը:

«Գյուղի անվանումը հենց «վաղուց հիմնված» է նշանակում: Նախկինում գյուղը ներկայիս տարածքից ավելի վերև էր գտնվում: Արցախյան գոյապայքարի տարիներին թշնամին գրավել էր այն, վառել ու հողին հավասարեցրել: Սակայն գյուղի ազատագրումից հետո բնակիչները վերադարձել են ու նորից սկսել շենացնել այն:

Այսօր Վաղուհասը 709 բնակիչ ունի. 230-ը երեխաներ են. շատ են բազմազավակ ընտանիքները: 44-օրյա պատերազմից հետո տեղահանված 11 ընտանիք է հաստատվել այստեղ: Ունենք 240 աշակերտի համար նախատեսված դպրոց, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվել և շահագործման է հանձնվել 2012 թվականին: Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնեց համակարգչային դասասենյակ: Մանկապարտեզի շենքը նույնպես նորակառույց է, այստեղ 63 երեխա է հաճախում։ Գյուղում շատ են բազմազավակ ընտանիքները»,-ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ Վաղուհասում գործում են համայնքապետարանը, բուժկետը, ակումբն ու հանդիսությունների սրահը: Ներհամայնքային ճանապարհները սեփական ջանքերով ասֆալտապատել են: Բնակչությունն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, գյուղը, սակայն, գազաֆիկացված չէ:

«Գյուղացիները աշխատասեր են: Բնակչության մեծամասնությունը աշխատում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, մի մասն էլ՝ Կաշենի հանքավայրում: Կան նաև անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվողներ: Նրանք իրենց օրվա հացն են վաստակում և չեն մոռանում աղոթել. Համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում աղոթքները միայն հարատև խաղաղության համար են»,-նշել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: