հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծովատեղում ջրային ցանց է կառուցվում

Ծովատեղում ջրային ցանց է կառուցվում

ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքն ունի 146 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը:

«Պատերազմն ավարտվելուն պես՝ գյուղացիները վերադարձել են գյուղ։ Մեծ սիրով կընդունենք մեր տեղահանված հայրենակիցներից 12 ընտանիքի, բայց տրամադրվելիք տները վերանորոգման կարիք ունեն: Դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 13 աշակերտի։ Շենքային պայմանները բարեկարգ են: Մանկապարտեզ չունենք, քանի որ գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը քիչ է։ Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները վատթար են: Հանդիսությունների սրահը նոր է, նախատեսված է 180 հոգու համար: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, բայց անհրաժեշտությունն օր֊օրի էլ ավելի է զգացվում։ Ամառային շրջանում ջրի խնդիր ունեինք, այս պահի դրությամբ ջրային անց է կառուցվում: Պատերազմի ընթացքում 1 տուն ավերվել է, որը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգվել է: Մի քանի տներ էլ մասնակի վնասներ են կրել»,- նշեց Ս. Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 6 համագյուղացի է վիրավորվել։

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը մանրամասնել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

  • Կիսվել: